ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կոչ է արել բաց թողնել Սիրիայի և Թուրքիայի սահմանի անցակետը
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պլանավորում է Ռուսաստանի իր գործընկերներին հաղորդել, որ Թուրքիայի հետ Սիրիայի «Բաբ Էլ Հավա» սահմանային անցումը պետք է բաց մնա հումանիտար օգնության անցկացման համար։
«Ես վստահ եմ, որ կկարողանամ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին տեղեկացնել այն, թե նրանք ինչ պետք է լսեն»,-Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցի գործընկերներին կդիմի հետեւյալ ուղերձով. «Ես անձամբ եմ համոզվել այդ սահմանային անցումի եւ այն պահանջների կարեւորության հարցում, որոնք բավարարվում են այդ հսկիչ անցակետի շնորհիվ, եւ դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել սահմանի մյուս կողմի մարդկանց հուսահատ վիճակի համար»: Նա նշել է, որ եթե հսկիչ անցակետը, որը տանում է Իդլիբի նահանգ, փակվի, ապա միլիոնավոր սիրիացի փախստականներ կկորցնեն չափազանց կորեւոր հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը:
«Դա այն է, ինչը մենք պետք է հաշվի առնենք Անվտանգության խորհրդի առաջիկա աշխատանքի ժամանակ»,-հավելել է նա: Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ չգիտե, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արդյոք այդ հարցը կբարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 16-ին Շեյցարիայում կայանալիք գագաթնաժողովում: Սակայն ԱՄՆ-ի նախագահը «վճռականորեն աջակցում է «Բաբ Էլ Հավա» հսկիչ անցակետի գործունեության շարունակմանը: Անվտանգության խորհուրդը պետք է քվեարկի բանաձեւի գործողությունը երկարացնելու օգտին, որը թույլատրում է հսկիչ անցակետի օգտագործումը մինչեւ հուլիսի 10-ը, երբ դրա գործողության ժամկետը լրանում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: