Բաժիններ՝

Վերին Նավերում հնագետները հայտնաբերել են զարմանալի, անհավատալի գտածոներ 

Արագած լեռան ստորոտին է գտնվում Վերին Նավեր դամբարանադաշտը, որտեղ կատարված պեղումները զարմացրել են հնագետներին:

«Վերին Նավերի արքայական դամբարաններից մեկում, որի սրահի երկարությունը 17 մետր է, լայնությունը՝ 3 մետր, լցված են եղել թաղման ընծաներ: Այնտեղ դրված է եղել ամբողջական մարտակառք, որից պահպանվել են միայն բրոնզե դետալները, որոնք սանձափոկերի ուղղորդիչներ են, ձիերի երախճաններ: Կա նաև արծվի բրոնզե արձան, որն ամրացված է եղել մարտակառքի ծայրին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝  այստեղ հայտնաբերվել է նաև մեկ այլ զարմանալի, անհավատալի գտածո՝ մանգաղաձև երկաթե սուր:

«Ամբողջ աշխարհում վաղ երկաթը սկսում է տարածվել Ք.Ա. 12-րդ դարում, իսկ դամբարանը, որը թվարկվում է 15-17-րդ դարերով, հայտնաբերվել է երկաթե սուր: Սրի հետ միասին հայտնաբերվել է նաև ավելի վաղ թվագրվող  ձիու երախճան՝ դարձյալ պատրաստված երկաթից: Եվ, ընդհանրապես, վերնախավի բոլոր դամբարաններում գտնվել են երկաթյա իրեր, որոնք ավելի վաղ են, քան երկաթի կիրառումը, դրա լայն տարածումը: Այստեղ պետք է հիշենք եգիպտական փարավոնի և խեթական արքայի գրությունը, որտեղ խեթական արքայից փարավոնը խնդրում է երկաթե սրեր: Երբ մերժում է, ասում է, որ գիտի՝ լրտեսները տեղյակ են պահել, որ այդպիսի սրեր կան քո արևելյան մարզերում, իսկ դա Հայկական լեռնաշխարհն է: Եվ հիմա Վերին Նավերում կարծես թե գտնում ենք այդ գրության առարկայական փաստարկը, որ այստեղ նախքան լայն կիրառումը հավանաբար բնածին երկաթից պատրաստել են զենքեր, զարդեր, թալիսմաններ: Մենք պեղել ենք թալանված դամբարանները, որպեսզի մի բան փրկենք»,- նշեց հնագետը:

Հակոբ Սիմոնյանն ընդգծեց՝ հետազոտությունը հավանաբար պետք է կատարվի եվրոպական լաբորատորիաների ընդգրկմամբ:

«Այս արքայական դամբարանում մենք ունենք ընծաներ՝ ուղարկված հեռավոր Էլամից (Ելամ, Եղիմաիս, Շուշաստան, հին ստրկատիրական պետություն Պարսից ծոցից հյուսիս), որը հին աշխարհի հզորագույն պետություններից մեկն էր, որը նվաճեց Շումերը, Բաբելոնը և այստեղ շուրջ 200 տարի իշխեց: Այսպիսի հզոր երկրի արքան արքայական ընծաներ է ուղարկել Արարատյան դաշտի իր դաշնակցին: Հին աշխարհում դա շատ ընդունված երևույթ է եղել: Այդ թանկարժեք ընծաները մարդու դիմաքանդակով 5 մեդալիոններ են, որոնք երեսպատված են եղել ոսկյա թիթեղներով: Կա նաև ուսագոտի՝ նույն սկզբունքով զարդարված, կենաց ծառ, վայրի ոչխար: Այս զարմանալի հուշարձանը, որը կարևոր արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակրթության համար, ցավոք, պարբերաբար ենթարկվում է ավերումների և գանձագողության»,- մանրամասնեց հնագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս