
«Նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է». Արսեն Թորոսյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։
«Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է, որովհետև այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երևանում և դա հետազոտել։ Դա արվել է, պարզապես այդ նմուշը սովորական նմուշների համար նախատեսված անոթներով պետք է տեղափոխվեր Երևան։ Այսինքն՝ այդ առումով Միքայել Համբարձումյանը ստում է»,- նշեց Արսեն Թորոսյանը։