«Սահմանների ճշգրտման գործընթացն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման հետ». Արսեն Թորոսյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկրների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը երկար տարիների աշխատանք է,  կան բազմաթիվ երկրներ, որոնք մինչև այսօր չունեն դեմարկացված և դելիմիտացված սահմաններ։ Այս համատեքստում պաշտոնյան որպես  օրինակ բերեց Հայաստանի և Վրաստանի սահմանները։

«Սպասել ինչ-որ արագ իրավական լուծումների երկրների միջև սահմանների մասով պետք չէ։ Սահմանների ճշգրտման գործընթացն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի  զինված ուժերի հետքաշման հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, Արսեն Թորոսյանը նկատեց, թե այն երկրները, որոնց ուղղված էին առաջարկները, արդեն արձագանքել են, և դրանք ծանոթ են հանրությանը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից գործողություններ արվում են մինչև այդ առաջարկը և շարունակվում են։ Լինելով մեր հիմնական գործընկեր, ՌԴ-ն շարունակում է իրականացնել իր այդ առաքելությունն ավելի ինտենսիվ կերպով։ Ես վստահ եմ, հետևում եք պաշտոնական տեղեկատվությանը, Պաշտպանության նախարարի և նախարարության հաղորդագրություններին»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Նա վստահեցրեց, թե հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելով՝ ՀՀ սուվերեն սահմանը վիճելի չեն դարձնելու։

«Եկեք ամեն ինչ չծայրահեղացնենք, խոսքը վերաբերել է դեէսկալացիային, որը բերելու էր ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը և այդ հատվածներում որևէ մեր գործընկերոջ առկայությանը։ Հիմա այս պահին ինտենսիվ բանակցություններ է ընթանում ՌԴ միջնորդությամբ»,- շեշտեց Ա. Թորոսյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին «Զանգեզուրի միջանցք» ունենալու վերաբերյալ, Արսեն Թորոսյանը, ըստ էության, կրկնեց Նիկոլ Փաշինյանի բազմիցս արված հայտարարությունները.

«Զանգեզուրի միջանցքի կամ այլ որևէ միջանցքի մասին երբևէ ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել, չեն անելու, դա որևէ փաստաթղթում նշված չէ և չի նշվելու, հետևաբար՝ խնդրում եմ, այս թեման փակեք»,- ընդգծեց նա։

Կառավարության աշխատակազմի ղեկավարն  անդրադարձավ նաև վերջին օրերի հրաժարականներին, նշելով, որ այսօր ԱԳՆ-ում կա պաշտոնյա, որն ըստ օրենքի՝ կատարում է նախարարի պարտականությունները։

Տեսանյութեր

Լրահոս