«Լայնածավալ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում որևէ մեկին պետք չէ, հատկապես՝ Հայաստանին». Արսեն Թորոսյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, հետևաբար՝ պետք չէ ասել, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն այդ բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։
«Մոսկովյան բանակցությունները նույնպես բավականին բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել։ Դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա, եթե անհրաժեշտ լինի շարունակվող բանակցությունների ընթացքի մասին հանրությանը տեղեկացնել, ապա դա, ինչպես միշտ, պաշտոնապես կտրամադրվի։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը լրագրողներին հորդորեց հետևել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։
«Ներքաղաքական գործընթացները որևէ կերպ չեն անդրադառնում մեր պետական գերատեսչությունների աշխատանքի ու դրա ինտենսիվության վրա։ Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են, որպեսզի թշնամու զորքերը մեր տարածքից օր առաջ դուրս գան։ Այո, իրավիճակը լարված է և շարունակում է այդպես մնալ»,- հավելեց Ա. Թորոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամուն ՀՀ սուվերեն տարածքից դուրս հանելու համար կա ձեռքբերում այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով ՀՀ անվտանգային համակարգում միակ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կա փոխըմբռնում հարցի լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի։
«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի գործընթացը տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնածավալ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում որևէ մեկին պետք չէ, հատկապես՝ Հայաստանին։ Ինքս փաստաթղթի մասին որևէ բան չասացի, փաստաթուղթը պետք է ինքնին լինի պայմանավորվածությունների արձանագրում թղթի վրա։ Այս պահին վերջնական պայմանավորվածություններ արձանագրված չկան, հետևաբար՝ իմաստ չունի հիմա խոսել որևէ փաստաթղթի մասին»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։