
Ճապոնիան Չինաստանին բողոք է հայտարարել վիճելի կղզեխմբի մերձակայքում նրա նավերի գտնվելու պատճառով

Ճապոնիան բողոք է հայտարարել Չինաստանին Արեւելա-չինական ծովում Սենկակի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի պարեկային նավերի երկարատեւ գտնվելու կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին։ Նա նշել է, որ չինական նավերի մուտքը ծովի այդ շրջան, ինչպես նաեւ դրանց պարբերաբար ներթափանցումը Ճապոնիայի տարածքային ջրեր նկատվում է արդեն 112 օր: «Դա չափազանց կարեւոր է, մենք վճռական բողոք ենք հայտարարել»,-ընդգծել է նախարարը:
NHK հեռուստաալիքը, հաղորդելով չինական նավերի մասին, նշել է, որ չինական նավերը ոչ միայն մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր, այլեւ մոտեցել են ճապոնական ձկնորսական նավերին: Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերը շարունակում է գտնվել մարտական պատրաստության վիճակում: Առափնյա պահպանությունն իր մեկնաբանության մեջ հայտարարել է, որ միջազգային եւ ներքին օրենսդրությանը համապատասխան վճռական գործողություններ կձեռնարկի լարվածության էսկալացիան կանխելու նպատակով: Կղզեխումբը փաստորեն վերահսկում է Ճապոնիայի կողմից:
Այս երկրի կառավարությունը պնդում է, որ կղզին Ճապոնիայի տարածքի անքակտելի մասն է պատմության եւ միջազգային իրավունքի տեսակետից: Չինաստանը քանիցս հայտարարել է, որ Դյաոյույդաո կղզեխումբը եւ դրա հարակից կղզիները հնագույն ժամանակներից չինական տարածք է, եւ Չինաստանն անվիճելի ինքնավարություն ունի այդ կղզիների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: