Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը դեմ է համավարակի պատճառով Խաղերի չեղարկմանը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղարկելու կամ անցկացման ժամկետները հետաձգելու դեմ հանդես է եկել Խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հասիմոտոն։

«Մենք չենք կարող կրկին հետաձգել»,-նա հայտարարել է հարցազրույցում, որը հունիսի 3-ին Nikkan սպորտային թերթի կողմից հրապարակվել է Խաղերի անցկացման դեմ բողոքների ալիքին՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները եւ տարբեր կազմակերպությունների հղումները:

Խաղերի չեղարկմանը հակված է Տոկիոյի մայրաքաղաքային վեհաժողովի (պրեֆեկտուրայի խորհրդարանական մարմին) պատգամավորների մեծամասնությունը, հաղորդել է Tokyo Shimbun թերթը:

Ճապոնիայի գլխավոր բժշկական խորհրդական Սիգերու Օմին հունիսի 2-ին խորհրդարանական կոմիտեին հայտարարել է, որ ներկայիս համաճարակաբանական իրադրության պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացումը «նորմալ չէ»:

Մայիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Կոուտսը հայտարարել էր, որ Տոկիոյում Օլիմպիական խաղերը կանցկացվեն կորոնավիրուսի տարածման տեսակետից անվտանգ պայմաններում՝ կազմակերպիչների կողմից նախապատրաստվող «օլիմպիական պղպջակի» շնորհիվ՝ մարզիկների եւ Ճապոնիայի բնակչության պաշտպանության համար: Տոկիոյում Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված եղան դրանք հետաձգել 2021 թվականին: Արդյունքում Օլիմպիական խաղերի անցկացումը պլանավորված է հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալիմպիականը՝օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը:

Ճապոնիան խուսափել է կորոնավիրուսային ինֆեկցիայի խոշորամասշտաբ տարածումից, որից տառապում են աշխարհի բազմաթիվ երկրներ, սակայն վերջին ալիքի ընթացքում հաճախացել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների ծանր ընթացող դեպքերը: Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է COVID-19-ով վարակման 746 հազար դեպք եւ ավելի քան 13 հազար մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս