«Անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկա 4-5 տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումը պետք է աճի»․ Հովակիմ Զաքարյան
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գիտության մասին
Անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկա 4-5 տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումը պետք է աճի։ Եթե ուզում ենք կայուն զարգանալ և վերականգնել անվտանգությունը, ուրեմն պետք է մեծ գումարներ ներդնել կրթության և գիտության բնագավառներում (դրա հիմնավորումը շատերն են տվել, չեմ ուզում կրկնվել)։ Ընդորում, իրատեսական է արդեն 2026թ․ ունենալ գիտության 45-50 մլրդ դրամի բյուջե, այսինքն մոտ չորս անգամ ավել, քան ունենք հիմա։ Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ պետք է փոխել ֆինանսների բաշխման տրամաբանությունը․ բյուջեի մեծամասնությունը պետք է տրամադրվի հեռանկարային ուղղություններում նոր լաբորատորիաների/կենտրոնների (այսինքն ենթակառուցվածքների) ստեղծմանը և նախագծերի իրականացմանը։
Նախ, պետք է ընդունենք, որ մենք չունենք մրցունակ գիտություն (որոշ լաբորատորիաները չհաշված): Դրա ամենավառ ապացույցներն են Nature Index-ում Հայաստանի դիրքը կամ պատենտների քանակը ԱՄՆ/ԵՄ/Ճապոնիա եռյակում։ Հետևաբար, պետք է ՆՈՐԻՑ ստեղծենք մրցունակ գիտություն, ինչպես դա արվեց սրանից մոտ 60 տարի առաջ։ Ուղակի այն ժամանակ կար ԽՍՀՄ՝ իր մարդկային և ֆինանսական ահռելի ռեսուրսով, իսկ հիմա՝ լավագույն դեպքում ցանկություն և քաղաքական կամք (եթե լինի):
Սահմանափակ ռեսուրսների պայմաններում շատ կարևոր է դառնում գիտության ոլորտում ֆինանսների գերռացիոնալ ծախսը ու հեռանկարային (գլոբալ կամ լոկալ) ուղղությունների ճիշտ ընտրությունը։
Իսկ ո՞ր ուղղությունների վրա կենտրոնանալ, կամ ի՞նչը կարելի է համարել հեռանկարային։ Սա շատ կարևոր հարց է, որը, կարծես թե, երբեք չի քննարկվել ոչ գիտական հանրության, ոչ էլ քաղաքականությունը մշակողների կողմից։ Ժամանակն է դա անել։
Գիտության կոմիտեն կարող է ստեղծել փորձագիտական խմբեր՝ տեղացի և արտասահմանցի գիտնականներից կազմված, որոնց նպատակը կլինի 1) որոշել այն ուղղությունները, որոնք հեռանկարային են լինելու առաջիկա տասնամյակների համար, 2) գնահատել այդ ուղղություններում մեր ունեցած ռեսուրսները, 3) հասկանալ, թե որ ուղղություններում հնարավոր է փոքր ռեսուրսներով հասնել մեծ արդյունքների, և 4) մշակել այդ ուղղությունների զարգացման հայեցակարգերը ու ժամանակացույցը։
Ոչ մի նոր բան չեմ ասում։ Շատերն են այդ ճանապարհով գնացել։ Կամ մենք նույնպես կանցնենք դրանով, կամ էլ կշարունակենք դոփել ճահճում»։