Ադրբեջանը տապալում է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը վերականգնելու փաշինյանական փորձերը
Իր եվրոպական վոյաժների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում: Իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում բանակցություններից հետո:
«Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Եվրամիությունը պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ և աջակցել վստահության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Միշելը կոչ է արել «երկու կողմերին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն՝ համագործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղություններով, ինչպես նաև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ»:
Իր հերթին՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, սակայն, նրա խոսքով, Երևանն այդ կոչին չի պատասխանել:
Բրյուսել այցին նախորդել էր Փաշինյանի այցը Փարիզ և բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս բանակցություններին հաջորդել է Մակրոնի նամակը Իլհամ Ալիևին Ադրբեջանի ազգային տոնի առթիվ, որում Մակրոնը խոսել է տարածաշրջանում խաղաղության ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս անց էլ ամուր խաղաղության համար պետք է խորացված աշխատանք կատարել։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դա իրենից ենթադրում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ սահմանազատում և բոլոր գերիների վերադարձ ընտանիքներին։
Մակրոնը կարևորել է նաև մշակութային ժառանգության պահպանությունը։
Նա ասել է, որ Ֆրանսիան շարունակելու է իր պարտականությունները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով Մակրոնի կոչին՝ ուղղված Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, ասել է, որ զինադադարը պահպանվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա, Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են ապահովել հրադադարի ռեժիմը: Ֆրանսիան որևէ դեր չունի այս հարցում:
Նա ավելացրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն է իրականացվում, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: «Ֆրանսիան դեր չունի նաև այս հարցում»,- ասել է Աբդուլաևան:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ, բնականաբար, ուշադրության են արժանի ՀՀ-ում կայանալիք ընտրություններից առաջ Փաշինյանի այցերը Փարիզ ու Բրյուսել, որոնց նպատակը կարծես Արևմուտքի մասնակցությամբ իրավիճակի կարգավորումն է հայ-ադրբեջանական սահմաններին, որտեղ փակուղային իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանն առաջնորդվում է իր քարտեզներով, իսկ Ադրբեջանը՝ իր, խնդիրներ հարուցելով Ռուսաստանի համար: Ըստ նրա՝ այնուամենայնիվ Ռուսաստանի գործողությունները կան, և դրանք առավելապես ոչ հրապարակային դաշտում են, հաշվի առնելով գործընթացում ներառված երկրների ցանկն ու գործընթացի բարդությունը:
«Բնականաբար, սա այն հարցն է, որը, ըստ բոլորի, պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, և Ռուսաստանն ունի իր լծակները թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ հարաբերություններում, որի ականատեսը դարձանք պատերազմի ընթացքում, երբ միայն ՌԴ-ն իր դիվանագիտությամբ կարողացավ ազդել կողմերի վրա: Դա կարելի է ընդունել կամ չընդունել, բայց դա փաստ է՝ փորձեր արեցին բոլորը, կրկին, լավ թե վատ, հաջողվեց միայն Ռուսաստանին, և ներկայիս ռուսական առաջարկը հետևյալն է՝ իրականացնել սահմանազատում, քանի որ դա կարևոր թեմա է, առանց դրա հնարավոր են նման խնդիրներ, և ներկայումս շարունակվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցություները»,- պարզաբանեց Սկակովը:
Սկակովի խոսքով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ուղղությամբ իր քաղաքականությամբ նոր հաղթաթղթեր ձեռք բերել հետագա բանակցություններում իր օգտին կիրառելու և բոլոր ուղղություններով առավելության հասնելու համար: Սակայն, ռուս վերլուծաբանի խոսքով, Սյունիքում Ադրբեջանի գործողությունները նաև PR բաղադրիչ ունեն և միտված են շեղել բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հակամարտության իրական չկարգավորված խնդիրներից՝ դոմինանտ դարձնելով ապաշրջափակման թեման և այն ապաշրջափակման, որը բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից:
«Ավելի վաղ ևս ասել եմ, որ իրավիճակին ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այլ միայն ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն իր առաջարկներով հանդես եկել է, և դա ճիշտ առաջարկ է, այլ հարց է՝ կա՞ ներուժ դա իրականացնելու, թե՞ ոչ»,- նկատեց Սկակովը:
Նրա կարծիքով, հայկական կողմը փաստորեն տարածաշրջան է փորձում հրավիրել ԵՄ-ին, հենց այդ պատճառով են Փաշինյանի այցերին հաջորդել եվրոպացի ղեկավարների Ադրբեջանի նախագահի հետ շփվելու և առաջարկներով հանդես գալու փորձերը:
«Բայց այստեղ բազմաթիվ խնդրահարույց հարցեր են ուրվագծվում: Նախ՝ Ադրբեջանը կարծես չի ընդունում ԵՄ-ի միջամտության հնարավորությունը, կոշտ արձագանքելով առաջին հերթին Մակրոնին: Ադրբեջանն իրեն բավականին լավ է զգում արդեն իսկ ձևավորված ձևաչափում՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստանը՝ ըստ ամենայնի՝ ոչ, ինչը, թերևս, հասկանալի է նաև այն պարտությունից հետո, որն արձանագրվել է, որը թուլացրել է նաև Հայաստանի բանակցային դիրքերը: Արևմուտքի արձագանքը նշանակում է, որ ներքաշվելու մտադրություն կա, բայց համապատասխան հիմք՝ այն առարկայացնելու և Ադրբեջանի համաձայնությունը ստանալու, չկա: Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում, երբ ադրբեջանական կողմն այդքան էլ ոգևորությամբ չընդունեց, և ՄԽ գործունեությունն ընդհատվեց, նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև այս հարցը, քանի որ դրա համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը: Իսկ Ադրբեջանին ակնհայտորեն հարկավոր չէ ԵԱՀԿ ՄԽ-ն և նախաձեռնություններն այդ կողմից»,- ասաց նա: