
Հնդկաստանում խնդրել են թույլատրել «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

Հնդկաստանի շիճուկի ինստիտուտը, որը պատվաստանյութերի խոշորագույն արտադրողն է, երկրի իշխանություններին է դիմել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը թույլատրելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։
«Հնդկաստանի շիճուկի ինստիտուտը հունիսի 2-ին դիմում է ներկայացրել երկրի Դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին՝ խնդրելով Հնդկաստանում թույլատրել COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը»,-ասել է աղբյուրը: Նաեւ ընկերությունը թույլտվություն է խնդրել անալիզներ եւ պատվաստանյութի հետազոտություններ անցկացնելու համար:
Ավելի վաղ Հնդկաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվությունն ստացել էր Dr. Reddy՚s ընկերությունը:
Ռուսաստանից Հնդկաստան է մատակարարվել ռուսաստանյան պատվաստանյութի արդեն երեք խմբաքանակ: Մայիսին Dr. Reddy՚s-ը հաղորդել է Հնդկաստանի բնակչությանը պատվաստելու համար «Սպուտնիկ V»-ի օգտագործումն սկսելու մասին:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, COVID-ով հիվանդացած մարդկանց ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 28,4 միլիոնը, ապաքինվել է 26,3 միլիոնից ավելի մարդ, մահացել է ավելի քան 337 հազարը, իսկ բուժում ստացողների թիվը կազմում է 1,7 միլիոն: