ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահությունը մեծ է, չնայած գաղտնալսման հետ կապված սկանդալին. Ստոլտենբերգ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման շուրջը սկանդալը, որն իրականացվել է Դանիայի հատուկ ծառայությունների օգնությամբ, չի ազդել ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահության աստիճանի վրա. այն մնում է բարձր: Հունիսի 2-ի երեկոյան այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Danmarks Radio-ին տված հարցազրույցում։
«Դանիան ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր եւ կարեւոր դաշնակիցն է, եւ Դանիան զգալի ավանդ է ներդնում համագործակցության բնագավառում: Ես գրեթե վստահ եմ, որ այդպես կլինի նաեւ հետագայում»,- ասել է նա:
Ստոլտենբերգն ավելի շատ պարզություն կցանկանար այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունեցել:
«Այդ երկրները ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, եւ մենք պետք է ներկայացնենք բոլոր փաստերը, որպեսզի իմանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- նշել է նա:
Մայիսի 30-ին Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Դանիայի հատուկ ծառայություններն օգնել են Ազգային անվտանգության գործակալությանը հետեւելու եվրոպացի քաղաքական գործիչներին:
Սկանդալն սկսվել է տակավին 2013 թվականին, երբ «Շպիգել» շաբաթաթերթը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումները: Այդ ժամանակվանից ի վեր պատմությունն ընդարձակվել է նոր մանրամասնություններով: Պարզվել է, որ ամերիկյան հետախուզությունը երկար տարիների ընթացքում հազարավոր նպատակակետեր է հետեւել Եվրոպայում, գաղտնալսել է Գերմանիայի քաղաքացիներին եւ նույնիսկ մի քանի անգամ միացել է կանցլեր Անգելա Մերկելի հեռախսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: