ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանական համակարգի բարելավմանը
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համատեղ ջանքեր գործադրել, որոնք ուղղված են թագավորության պաշտպանության համակարգի բարելավմանը: Այդ մասին հաղորդել է ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը:
«Նախարար Օսթինը նշել է մոտ անցյալում Սաուդյան Արաբիայի հաջողությունները թագավորության վրա հուսիթների հարձակումներին դիմագրավելիս եւ քննարկել է ընթացիկ երկկողմ ջանքերը, որոնք ուղղված են Սաուդյան Արաբիայի պաշտպանության բարելավմանը»,-ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նա ընդգծել է, որ «Սաուդյան Արաբիան կարեւոր հենարան է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության բնագավառում, եւ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է նրա ինքնապաշտպանության կատարելագործմանը»:
Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես, Եմենում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, նշել է Պենտագոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: