
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը:
«ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները: ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշվում է հայտարարությունում:
Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը: