«Ներկա «ֆունտիկ» իշխանություններին ձայն չենք տալու, պետք է հեռանա՛ն»․ հարցում Կենտրոնում

Հայաստանում հունիսի 20-ին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

168am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով՝ քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, ինչպես նաև, եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։

Այս անգամ Երևանի Էրեբունի վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։ Հարցվածներից  մեծ մասը բացառում է իշխող ուժի օգտին քվեարկելը։

«Անշուշտ, մասնակցելու եմ ընտրություններին, որոշել եմ՝ որ ուժի օգտին եմ քվեարկելու,  կարծում եմ՝ բարձրաձայնելը գովազդ կլինի, բայց ձայնս կտամ նրան, ով կապահովի մեր սահմանների անվտագությունը ամենաառաջին հերթին, որն այս պարտության ոգին կվերացնի մեր ժողովրդի միջից, մեր սահմաններում թուրք չի լինի, կվերադարձնենք Արցախը․․․»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Հարցվածներից մի կին էլ ասաց, որ դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ․

«Հիմա ոչ մի բանի չենք հավատում, լավ բան չենք տեսնում․․․»։

«Ես ինքս եմ մասնակցում ընտրություններին՝ որպես թեկնածու, բնականաբար, ընտրելու եմ մեր ցուցակին՝ Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարական դաշինքին»,- ասաց դաշինքի անդամ Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցվածներից մի կին էլ, որը 2018 թվականին ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, այս անգամ դժվար է ընտրություն կատարել․

«Չեմ կողմնորոշվում իրոք, բայց գիտեմ, որ պետք է մասնակցեմ պարտադիր։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին եմ ընտրել, իսկ հիմա շատ նեղված եմ այս ամեն ինչից հետո, բայց ոնց որ երկրորդ տարբերակ չեմ տեսնում ու էլի ստիպված Նիկոլին պետք է ընտրեմ․․․»։

Միջին տարիքի մի տղամարդ էլ ասաց, որ ընտրելու է «Պատիվ ունեմ» դաշինքին, իսկ թե ինչո՞ւ հարցին էլ՝ պատասխանեց․

«Պրոֆեսիոնալ կադրեր են, կյանքի փորձ ունեցող, աշխատած, իրենց եմ վստահում․․․ Ճիշտ է, այսօր որ ցուցակը նայում եմ, ավելի շատ երիտասարդներ են, բայց իրենց թիկունքում կանգնած են շատ լուրջ, կյանքի փորձ ունեցող մարդիկ»։

Հարցված քաղաքացիներից մի տղամարդ, հարցը լսելուն պես միանգամից դժգոհեց գործող իշխանություններից, ասաց՝ խաբել են ժողովրդին, ոչ մի խոստում չեն կատարել․

«Ես 30 տարվա մսավաճառ եմ, սենց բան չէի տեսել կյանքում։ Ձայնս տալու եմ պարոն Վանեցյանին, ինքը շատ լավ ղեկավար կլինի մեր համար։ Նիկոլն եկավ-չեկավ՝ մեզ սենց սնանկացրեց, թոշակառուն գալիս կես կիլո միս է առնում։ 30 տարվա մսավաճառ եմ, չեմ կարում խանութը բացեմ, որ մի կիլո միս ծախեմ, չի ծախվում միսը։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բոմժ է դարձրել։ Տարբեր խոստումերով եկան, բայց մեր թշվառ ժողովրդին խաբեցին»։

Եվս մեկ քաղաքացի ասաց, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվարկելու, բայց միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմին դեմ է քվեարկելու․

«Ցանկացածին կարող եմ ձայնս տալ, բացի Փաշինյանից, ես խորը հիասթափություն եմ ապրել․․․ Մի ամբողջ սերունդ գնաց կոտորվեց․․․»։

Հարցված քաղաքացիներից 2 տղամարդ էլ ասացին, որ ցանկացած քաղաքացի պետք է պարտադիր մասնակցի ընտրությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի ապագան։ Տղամարդիկ չասացին, թե ում օգտին են իրենք քվեարկելու․

«Համենայն դեպս, ոչ ներկա վիժվածք, «ֆունտիկ» իշխանություններին։ Սրանք օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա՛ն։ Իրանք կատաստրոֆա են, ես, որ երեկ տեսա մեր զոհված զինվորների կադրերը, արյունս սառել էր, ո՞նց կարելի է այդպես վերաբերվել մեր զոհված երեխեքի մարմինների հետ․․․»։

Հարցվածներից մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ մասնակցելու է ընտրություններին, բայց չի բարձրաձայնի, գաղտնիք է, իսկ գործող իշխանությունների աշխատանքն էլ այսպես գնահատեց․

«Գոհ եմ, ո՞նց կարող ես դժգոհ լինել․․․»,- ու որպես դրական գործ՝ քաղաքացին օրինակ բերեց ազատ կամքի արտահայտումը, ասֆալտապատումը։ Իսկ հարցին, թե արդյոք իրեն չե՞ն անհանգստացնում երկրի անվտանգային խնդիրները, մեր երկրի տարածքից մեր զինվորներին են գերի վերցնում, պատասխանեց․

«Դա ժամանակավոր բաներ ա, բոլորն էլ կկարգավորվի, գծագրումները կատարելուց հետո, բոլորը կկարգավորվի․․․»։

Հարցված քաղաքացիներից միջին տարիքի մի տղամարդ էլ ասաց, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այդպես է որոշել, որպեսզի նախկինները չվերադառնան․

«Նախկինների ժամանակ ֆինանսապես ես լավ եմ եղել, մեծ գումարներ եմ աշխատել, բայց ձեր հաշվին եմ աշխատել, սովորական գյուղացու, շարքային քաղաքացու հաշվին եմ մեծ գումարներ աշխատել։ Ես ինքս չեմ թալանել, բայց այդ թալանածից մաս ա հասել, ես առևտրով եմ զբաղվել, իմ հաճախորդները եղել են թալանողները, դրա համար իմ գործերը լավ են եղել․․․»։

Երիտասարդ մի տղա էլ ասաց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին և քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս