Ֆանտաստիկայի ժանրից է, որ ՔՊ-ն համագործակցության համար կդիմի «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ին. Ռուբեն Մելիքյան

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն, որի կազմում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության հիմնադիր Աղասի Ենոքյանը և փաստաբան Անահիտ Սարգսյանը, պատրաստվում է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են համագործակցել՝ վստահված անձանց, դիտորդական առաքելությունների, քաղաքական ուժերի:

«Սա հրապարակային առաջարկ է: Բոլոր այն ուժերը, որոնք ցանկություն ունեն մեզ հետ համագործակցել, մենք այդ ուժերի հետ բաց ենք: Եթե «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունից մեզ դիմեն համագործակցության համար, ապա  կոմիտեում մենք կքննարկենք, և կարծում եմ՝ համապատասխան որոշում կկայացնենք: Ես կարծում եմ, որ դա ֆանտաստիկայի ժանրից է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հերթին մենք գործ ունենք իշխանությունների նկատմամբ վերահսկողության հետ, և քաղաքացիական հասարակության առաջին գործիքը հենց իշխանությունների նկատմամբ վերահսկողությունն է»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխող ուժի հետ համագործակցության հնարավորությանը:

Կոմիտեի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կա մի մարդ՝ Նիկոլ Փաշինյան, որը կարող է ընտրությունները կեղծել, արդեն սկսել է չարաշահել իր լիազորությունները, հրաժարական տալով՝ շարունակում է անել այն, ինչ չպետք է աներ հրաժարականից հետո, խոսում է բռնության ու ատելության խոսքին դեմ լինելուց, բայց իր խոսքում ամենաշատը հենց դա է կիրառում:

«Պարզից էլ պարզ է, որ, կոպիտ ասած, նրանք մեզ ոչ միայն չեն դիմելու, այլ մեզ փորձելու են սևացնել իրենց տարատեսակ կայքերով և այլն… Մենք ուղտին նստած՝ կուզեկուզ անելու խնդիր չունենք՝ չերևալու համար: Մենք շատ հստակ ասել ենք, մեր դիրքորոշումը բոլորին հայտնի է, և ես շատ ուրախ եմ, որ մեր դիրքորոշումը բոլորին հայտնի է: Թող իմանան, որ, այո՛, մենք ինչպես 3 տարվա ընթացքում բացահայտել ենք այս իշխանությունների արած կեղծիքները, նույնն էլ շարունակելու ենք այս ընտրությունների ընթացքում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս