«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն կունենա 100 դիտորդ, կգործի շարժական ֆորմատով ու մի քանի ուղղությամբ

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության հիմնադիր Աղասի Ենոքյանը և փաստաբան Անահիտ Սարգսյանը հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով հիմնել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե»:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ կոմիտեն ստեղծելու գաղափարը ծնվել է դեռ անցած տարի՝ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական փուլում, ձևավորվել էր իրավաբաններից կազմված «Ոչ»-ի քարոզչական խումբը, որում ներառված էին  Ռուբեն Մելիքյանը և Անահիտ Սարգսյանը:

Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կազմում ընդգրկված հինգ գործիչներին միավորում է 3 բան՝ գիտակցում, փորձառություն և կամք:

«Գիտակցում նրա, որ այս արտահերթ ընտրություններն իրենցից ներկայացնում են ոչ թե արտահերթ՝ բառիս տեխնիկական իմաստով, այլ ի տարբերություն մեր երկրում բոլոր ընտրական գործընթացների՝ այս ընտրական գործընթացը, մեր բոլորի համոզմամբ, լինել-չլինելու մակարդակի կարևորության հարց է: Երկրորդ՝ մեզ միավորում է փորձառությունը տարբեր ոլորտներում՝ իշխանությունների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով…»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նախաձեռնության անդամների  փոխանցմամբ՝ կոմիտեն բազմաֆունկցիոնալ է լինելու, գործունեությունը տարածվելու է՝ ինչպես նախընտրական ժամանակահատվածում՝ պաշտոնական քարոզչության, դրան նախորդող ժամանակահատվածում և քվեարկության օրը, այնպես էլ, եթե այդպիսիք լինեն, հետընտրական գործընթացների դեպքում:

«Մենք այս անգամ էլ ենք դիտորդություն անելու, դիտորդական առաքելությունը շուրջ 100 դիտորդներից բաղկացած կլինի: Բայց դիտորդների ֆունկցիոնալությունը լինելու է շատ տարբեր: Քանի որ այլ քաղաքացիական և նաև քաղաքական վերահսկողություն իրականացնող, այսինքն՝ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից ակնկալում ենք, որ տեղեկատվության փոխանակում լինելու է, մենք ավելի շատ աշխատելու ենք շրջիկ տրամաբանությամբ»,- ասուլիսի ընթացքում հայտնեց Նարեկ Սամսոնյանը:

Անահիտ Սարգսյանն իրականացնելու է ողջ գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն, Նաիրա Զոհրաբյանն ապահովելու է կապը միջազգային կառույցների, դիտորդների հետ, իսկ Աղասի Ենոքյանն իրականացնելու է հանրային, պետական ֆինանսավորում ունեցող ԶԼՄ-ների՝ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի նկատմամբ վերահսկողությունը:

Տեսանյութեր

Լրահոս