Նոյեմբերի 9-ից հետո ես ասել եմ՝ ունենք 7000 զոհ, ու երբեք պակաս չեմ ասել. Գառնիկ Իսագուլյան

«Հատկապես 2018 թվականից հետո Հայաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որից դուրս բերելը բավականին բարդ է լինելու: Նոյեմբերի 9-ից հետո երևույթներն ընթացան այն ուղղությամբ, որ հիմա գնում ենք ընտրության: Այս երևույթի հետ ինքս անձամբ հաշտվել չեմ կարողանում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա պնդեց, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 7000 զոհ:

«Երբ հայտարարում եմ՝ 7000-ից ավելի զոհ, զարմանում եմ, որ բոլորը՝ և՛ ընդդիմադիր և՛ մյուս դաշտերից, նշում են այն թիվը, որն ասել են իշխանությունները՝ մինչև 5000 զոհ: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ից հետո ես ասել եմ՝ 7000 զոհ, ու երբեք պակաս չեմ ասել: Հիմա, ցավոք, այդ զոհերը հայտնաբերվում են տարբեր նկուղներում, տարբեր «Սպայկա»-ների մեջ, տարբեր հիվանդանոցներում:

Նույնիսկ հիմա չկան այն հասարակական կազմակերպությունները, որոնք հատ-հատ կփորձեն ճշտել: Վերջին հայտնաբերվածը 100-ավոր այլ տեղերում թաքցվածներից մեկն է: Սա ապշեցուցիչ բան է, և դարձյալ մեր հանրությունը հանգիստ է, որևէ աղմուկ չկա: Մեծագույն ողբերգությունն այն է, որ մեր հանրությունը դեռևս քնած է»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով օրերս Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող դիերի խնդրին:

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ասելով. «Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»:

ԱՆ փոխանցմամբ էլ՝  ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար:

Տեսանյութեր

Լրահոս