«Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի դատն է, թող ժողովուրդը գնա ու այդ դատը տեսնի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների աճյուններն ու մասունքներն Աբովյանի դիահերձարանում պահելու պայմաններին և նշեց, որ այս ամենի առնչությամբ կցանկանար, որպեսզի լիներ քաղաքական պատասխանատվություն, և բոլորը քաղաքական առումով պատասխանատվության ենթարկվեին։

«Թե չէ հիմա ծառայողական քննություն են նշանակել, ինչ-որ երկու հոգու ազատել են։ Բայց նմանատիպ նուրբ, կարևոր  հարցով, նման պահվածքը ոչ կոմպետենտ, նման քաոսային վերաբերմունքը, ու իրենք լավ գիտեն, թե սա ինչ նուրբ հարց է մեր ժողովրդի համար։ Ինչպես կարելի է նման ձևով վերաբերվել։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հունիսի 20-ին իր դատն է, նախկին իշխանությունների դատն է, այո, այդ օրն իր դատն է, այդ օրը թող ժողովուրդը գնա ու այդ դատը տեսնի, ես այլ տարբերակ չգիտեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը գնահատում է, որ Առողջապահության նախարարը, ի պատիվ իրեն, ներողություն է խնդրել կատարվածի համար, քանի որ չգիտի որևէ այլ նախարարի, որ ինչ-որ ձախողված հարցի համար ներողություն խնդրի։ Սակայն այլ հարց է՝ այդ ներողությունն ինչ-որ մեկին պե՞տք է, թե՞ ոչ։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ գործող իշխանությունը տվել է մեծ խոստումներ, որոնք չի իրականացրել՝ բիզնեսն ու քաղաքականությունը չի տարանջատել, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն բերել խորհրդարանի վերահսկողության ներքո, չի փոխվել սուպերվարչապետական համակարգը։

«Այո, նա լավ ընդդիմադիր էր, բայց չի նշանակում, որ կարող է լինել նաև լավ կառավարիչ կամ լավ ղեկավար»,- հավելեց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ ակնհայտ էր, քարոզարշավը վերածվելու է նախկինների և ներկաների բանավեճի, միմյանց վիրավորելու։

«Մենք, որ մարզ գնում ենք, ժողովուրդն ուղղակի հոգնել է այդ ղալմաղալից, սա որևէ բան չտվող ճանապարհ է, սա ոչ մի տեղ տանող խոսակցություն է։ Ատամները փշրել, չգիտեմ եսիմ ինչ անել։ Մեկ բան կասեմ՝ այս ընտրությունների ամբողջ նպատակն այն է, որ հունիսի 21-ին մենք մեր երկիրը նորովի վերակառուցենք, եթե նման բան չի լինելու, ապա անիմաստ է»,- ընդգծեց նա։

Իսկ այսօր Երևանի կենտորոնում տեղի ունեցած սպանության մասին հարցին էլ Էդմոն Մարուքյանը դժվարացավ պատասխանել, թե այն որևէ առնչություն ունի՞  նախընտրական գործընթացների հետ, թե՞ ոչ: Միայն վստահություն հայտնեց, որ Հայաստանում կառավարման բոլոր ոլորտներում կան լուրջ թերություններ, որոնք, օրինակ, իրավապահ համակարգում նման կերպ են ի հայտ գալիս։

Տեսանյութեր

Լրահոս