Ի՞նչ ասել է՝ համակարգն է սակագինը որոշում. ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը՝ օնլայն տաքսիների գների կտրուկ բարձրացման մասին
Քաղաքացիները վերջերս դժգոհում են օնլայն տաքսիների գներից: Օրվա հատկապես «պիկ» ժամերին, խցանումների դեպքում պատվերի նվազագույն արժեքը 600-ից դառնում է 1200 կամ 1500 դրամ, 300-ից էլ՝ 700 կամ 900 դրամ:
Սակագների այս փոփոխությունն օնլայն տաքսիների աշխատակիցները բացատրում են նրանով, որ սակագինը ոչ թե իրենք են որոշում, այլ համակարգը:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը չի հասկանում, թե ի՞նչ ասել է՝ համակարգն է սակագինը որոշում:
«Համակարգն իրենք են գրել: Տեսեք, մեկը գնում է գյուղապետարան, թե՝ բոլոր հարկերը մուծել եմ, բայց էլի չվճարված հարկ է մնացել, սա ինչպե՞ս է պատահել, պատասխանում են, թե համակարգն է արել: Այնինչ, բացում է սովորական Excel ծրագիր, ինքն էլ գրում-ջնջում է, ու անունը դրել են համակարգ: Ժամանակին քաղաքապետարանին ասում էի՝ տաքսու հստակ գին սահմանեք, պատասխանում էին, թե ո՞նց կլինի, շուկայական հարաբերություններ են: Ասում էի՝ Գերմանիան ձեզնից 100 տարի առաջ է անցել շուկայական հարաբերություններում, բայց այնտեղ ամեն մի քաղաք, տեղական ինքնակառավարման մարմին ինքն է որոշում իր քաղաքի տաքսիների քանակն ու գինը: Նույնն արեք դուք, սահմանեք տաքսու այնպիսի գին, որի պայմաններում խելամիտ է մարդ տեղափոխելը: Կարևոր է, որ տրանսպորտին էլ չխանգարի: Երևանում այդպես էլ տրանսպորտ չի առաջանում, որովհետև տաքսին տրանսպորտի տակ աշխատում է: Լրիվ հավի ու ձվի պատմությունն է. տրանսպորտը չի կարողանում աշխատել, որովհետև տաքսին շատ է, ու հակառակը: Սա պետության վերահսկողության խնդիրն է, պետք է պարտադրի, որ բոլոր տաքսիներն ունենան լիցենզիա»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը նկատեց՝ երբ ասում են՝ օնլայն տաքսի, դա աբսուրդ է, քանի որ իրենք պատվեր են ընդունում, մեքենան գալիս է, մարդուն տեղափոխում, իսկ պատվեր ինչպես ուզում ես՝ ընդունի, զանգով թե այլ կերպ:
«Մեքենան պետք է համապատասխանի լիցենզիայի պայմաններին՝ կահավորվածության տեսակետից, տեխնիկական պայմաններով: Ռուսաստանը, որ այդքան անօրեն երկիր է, այնտեղ արդեն տաքսու գույն են ֆիքսել: «Yandex Go»-ն դեղին համարներով է աշխատում: Իսկ մեզ մոտ դեռ քայլ չի արվում, ու սրա մեջ ես կոռուպցիա եմ տեսնում: Երբ «Yandex Go»-ն բերեցին Հայաստան՝ ես ասացի, որ այդքան էլ շատ պետք չէ ուրախանալ, որ 100 դրամ է մեկ կիլոմետրը ու 450 դրամ էլ իր գրպանից է վճարելու վարորդին, դրա նպատակը դեմպինգն է, որ բոլորին վերացնեն ու մնան իրենք: Ոլորտն այդ ճանապարհով մոնոպոլիզացրեցին ու այսօր գին են թելադրում, մինիմալն արդեն սարքել են 1200 դրամ:
Շուկայում մենակ իրենք են մնացել, իսկ պետությունը ձեռքերը ծալել է: Նման ընկերությունները գործունեություն ծավալում են այն երկրներում, որտեղ կամ օրենքը չկա, կամ հնարավոր է փողով գնել: Դրանք Սովետական Միության նախկին պետություններն են, գումարած մի երկու աֆրիկյան երկիր: «Yandex Go» ընկերությանն ուրիշ ոչ մի տեղ չեն թողնում, որ աշխատի»,- նշեց Վահագն Սահակյանը: