Բաժիններ՝

Չինաստանում H10N3 թռչնագրիպի շտամով մարդու վարակման դեպք է հայտնաբերվել

Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հիվանդացածը 41-ամյա տղամարդ է, որն ապրում է Ցզյանսու նահանգում. ապրիլի 23-ին նրա ջերմությունը բարձրացել է եւ սկսել են ի հայտ գալ այլ ախտանշաններ: Ապրիլի 28-ին վիճակի վատթարացման պատճառով հիվանդին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման չինական կենտրոնը մայիսի 28-ին անցկացրել է նմուշների լիահամագենային հաջորդակարգում, որոնք վերցվել են Ցզյանսուի հիվանդից. պարզվել է, որ արդյունքը դրական է H10N3 վիրուսի համար:

Հաղորդագրության մեջ ասվում է, թե վիրուսի համագենի ամբողջական անալիզը ցույց է տվել, որ այն ունի թռչնային ծագում եւ հնարավորություն չունի «արդյունավետորեն» վարակել մարդկանց: Մարդիկ, որոնք գտնվել են հիվանդի հետ սերտ շփման մեջ, տեղափոխվել են բուժզննման, նրանց մոտ ոչ մի շեղում չի հայտնաբերվել:

Ներկայում հիվանդի վիճակը գնահատվում է որպես կայուն, եւ ընդհանուր առմամբ նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում է, որ մարդուց մարդուն H10N3-ի փոխանցման դեպքերն աշխարհում ավելի վաղ գրանցված չեն եղել, իսկ թռչունների շրջանում այդ վիրուսը համարվում է նվազ ախտածին:

Փորձագետների կարծիքով, սա վիրուսի պատահական փոխանցում է թռչնից մարդուն», իսկ «զանգվածային տարածման ռիսկը չափազանց փոքր է»:

Մասնագետները հանձնարարել են խուսափել հիվանդությունից սատկած թռչունների հետ շփվելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորինս խուսափել կենդանի թռչունների հետ շփումներից, ուշադրություն դարձնել սննդի հիգիենային եւ ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս