«Ուժային գործարք չի լինելու՝ բանակցությունների արդյունքում պետք է փորձենք գերիներին վերդարձնենք». ԱԱԾ տնօրենի տեղակալ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի փոխանցմամբ՝ սահմանում իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որպեսզի թշնամին հետ քաշվի։
«Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը, բանակցություններն ընթանում են Արտգործնախարարության ձևաչափով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում ռուս զինվորների գտնվելուն, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, թե նման տեղեկատվություն չունի։
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, պաշտոնյան տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն էլ է խնդրով զբաղվում, շուրջօրյա աշխատանք է կատարվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Պետք է բանակցություններ լինեն, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու, բանակցությունների արդյունքում պետք է փորձենք մեր եղած գերիներին վերադարձնենք։ Եթե գործնականում բանակցությունները դադարել են, ապա կապով իրար հետ կապված աշխատում են»,- հավելեց Արամ Հակոբյանը՝ առանց նշելու կամ պարզաբանելու, թե ովքեր են իրար հետ կապված աշխատում։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ թշնամին կրակ էր արձակել, որից հետո գերեվարել էր 6 հայ զինծառայողի։