Չի՛ բացառվում, որ մի օր արթնանանք ու տեսնենք՝ Մեղրիի միջանցքը ռազմական ճանապահով կտրել են. Գևորգ Մելքոնյան
Հայ ժողովուրդն աշխարհի այն եզակիներից է, որն իր պատմության ընթացքում գործած սխալներն ունակ է անընդհատ կրկնելու, ուստի, եթե հիմա խոսում ենք պատմությունից դասեր քաղելու մասին, ապա նախ պետք է հիշենք, որ դասեր քաղում են այն ժողովուրդները, որոնք տեղյակ են իրենց պատմությունից, իսկ այսօր մեր քաղաքական վերնախավը բացարձակապես որևէ առնչություն չունի իր ժողովրդի պատմության հետ, իսկ այն քաղաքական վերնախավը, որը ծանոթ չէ սեփական ազգի պատմությանը, չի՛ կարող պետություն զարգացնել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանն ասաց նաև, որ այսօրվա մեր վիճակը սեփական ազգի պատմությունը չիմանալու հետևանք է, եթե գործող իշխանության մեջ լիներ գոնե մեկը, որը կարդացած լիներ և իմանար Սիմոն Վրացյանի հայտնի աշխատության մասին, որը վերաբերում է բոլշևիկյան մուրճին և թուրքական սալին, ապա կհասկանար, որ այժմ Արևմուտքի փրկարար բանակին սպասելը սին հույս է։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից դիտորդներ հրավիրելու, ինչպես նախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մեր զրուցակիցն ասաց.
«Մենք, ինչպես 103 տարի առաջ, այնպես էլ հիմա, չենք հասկանում, որ այս տարածաշրջանում կա երկու ազդեցիկ գործոն՝ ռուսական և թուրքական, իսկ Արևմուտքի ազդեցությունն այնքան մեծ չէ, որ կարողանա հայ-ադրբեջանական որևէ հարց լուծել։ Ինչպես 103 տարի առաջ մենք մանևրելու տեղ չունեինք, այնպես էլ հիմա, ու, չնայած դրան, Փաշինյանի կոչը ԵԱՀԿ դիտորդներին հենց մանևրելու փորձ է։ Այդ կոչը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև տարածաշրջանը դեռ 100 տարի առաջ բաժանվել է, իսկ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ազդեցության գոտում, ուստի որևէ մեծ պետություն Հայաստանի պատճառով չի ցանկանա խնդիր ունենալ Ռուսաստանի հետ։
Առաջին Հանրապետության ամենամեծ դասը սա էր, որը մենք պետք է հիշենք, որովհետև այդ սխալների պատճառով էր, որ Մոսկվայում և Կարսում Հայաստանի տարածքային խնդիրները լուծվեցին առանց Հայաստանի. հիմա ևս՝ Ադրբեջանը Հայաստանի սահմանների հետ կապված հարցը չի քննարկում մեզ հետ ու պնդում է, որ այդ հարցով Ռուսաստանի հետ է խոսելու»,- 103 տարի առաջ՝ Առաջին Հանրապետության ստեղծմանը նախընթաց ու հաջորդող իրադարձությունները ներկայիս իրադարձությունների հետ համեմատելով՝ ասաց պատմաբանը։
Ըստ նրա՝ հիմա Ալիևը խոսում է մեր պատմական Սյունիքով միջանցք ստանալու մասին և այդ հարցով բանակցում է ոչ թե՝ մեր, այլ՝ Ռուսաստանի հետ։
«Ադրբեջանին երբեք չի հաջողվել նվաճել Սյունիքը, որովհետև խնդիրը նրանում էր, որ Խորհրդային Ռուսաստանը պահեց Սյունիքը։ Եթե ցանկանար հանձնել, ապա կաներ դա առանց որևէ խնդրի 1921-1922 թվականներին՝ Գարեգին Նժդեհից հետո, կաներ այնպես, ինչպես հանձնեց Նախիջևանը. նույնը կարող էր անել Սյունիքի հետ։ Չարեց, որովհետև Ռուսաստանը շատ լավ հասկացավ, որ Սյունիքը հանձնելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում, զրոյանալու է։
Հիմա ևս Ռուսաստանը կանգնած է այդ նույն խնդրի առաջ, իսկ երբ հայկական կողմն ասում է, որ՝ կդիմեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա դրանով ի լուր աշխարհի հայտարարում է՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում շատ թույլ է։ Դրանից, բնականաբար, օգտվելու է Ադրբեջանն այնպես, ինչպես օգտվեց 1920 թվականի ապրիի 28-ին՝ երբ արագ ընդունեց խորհրդային կարգեր, մեկ գիշերում մուսավաթականները դարձան բոլշևիկներ, որպեսզի իրենց տրվի Նախիջևանն ու Արցախը։
Հիմա պատմությունը կրկնվում է, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ Փաշինյանը, շարունակի ապավինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա Ադրբեջանը կօգտվի դրանից և ռուսական կողմին կտանի նրան, որ Ռուսաստանը Մեղրիով միջանցքը բացի։ Ես, ինչպես հասկանում եմ, Ռուսաստանն այդքան էլ դրան դեմ չէ, որովհետև ստիպված է գնալ մեծ զիջումների, որովհետև գտնվում է ճնշումների տակ։ Հայաստանի ղեկավարությունը ռազմաքաղաքական առումով իր դիրքերն այնքան է զիջել, որ Մեղրիի միջանցքի խնդիրը Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի կարող որոշել. դա որոշում են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան»,- ասաց պատմաբանը։
Նման ոչ հայանպաստ լուծումը, ըստ Մելքոնյանի, նշանակում է, որ Հայաստանն իր սուվերեն տարածքի մի մասը կտա Ադրբեջանին, և դա չի գտնվի Հայաստանի վերահսկողության ներքո, և հենց դա է պատճառը, որ Ալիևն օգտագործում է ոչ թե «Զանգեզուրի ճանապարհ», այլ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
«Միջանցք ձևակերպումը նշանակում է այդ տարածքի անջատումը Հայաստանի վերահսկողությունից, իսկ երբ հայկական կողմն ասում է՝ ճանապարհ, դա ադրբեջանական կողմն ընկալում է՝ միջանցք։ Ճանապարհի և միջանցքի տարբերությունը հետևյալն է՝ ճանապարհը ցանկացած ժամանակ կարող ես փակել՝ տնտեսական և ռազմական նպատակով, իսկ միջանցքը չես կարող փակել, որովհետև հակառակ կողմն այդ դեպքում ռազմական գործողություն կարող է սկսել։ Չի՛ բացառվում, որ մի օր արթնանանք ու տեսնենք, որ Մեղրիի միջանցքը ռազմական ճանապահով կտրել են»,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ որպես ստեղծված իրավիճակի համար ոչ ստանդարտ լուծում՝ առաջարկելով սկսել ուղիղ երկխոսություն Թուրքիայի հետ, որովհետև և՛ Արցախի, և՛ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները հենվում են Հայաստան-Թուրքիա հարթության վրա։
«Հինգ տարի հետո մենք ի՞նչ ենք ունենալու, եթե չգնանք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Ցավալի է, որ այս մասին չի խոսում այսօր արտահերթ ընտրությունների մասնակցող որևէ ուժ։ ՀՀ-ն որպես սուբյեկտ՝ իրավունք ունի Թուրքիայի հետ հարաբերություները կարգավորելու քայլեր իրականացնել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախապայմաններին, ապա դա առավելապես վերաբերում է Ցեղասպանության խնդրին, և Թուրքիան սա դիտարկում է առավելապես սփյուռքի կողմից քայլերի համատեքստում և Հայաստանի Հանրապետությունից մեծ պահանջներ չունի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում