Անփութությո՞ւն, թե՞ հանցավոր դիտավորություն. Առողջապահության նախարարությունում կասկածելի գործողությունների մասին են ահազանգում աշխատակիցները
Առողջապահության նախարարության՝ 168.am-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պնդում են, որ ՀՀ-ում համաճարակային կառավարումը փաստացի սխալ ճանապարհով տանող և այսօր երկիր պատվաստանյութ «բերող» ծառայությունը նույնն է՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀՎԿԱԿ), և ուրեմն պետք է պարզել՝ ինչո՞ւ և ո՞ւմ էր ձեռնտու համաճարակի առաջին օրերին լաբորատոր պատասխանների ուշացումը 1 և ավելի օր՝ հետազոտություն իրականացնող վերոնշյալ միակ ծառայության կողմից:
«Պետք է պարզել՝ քանի՞ դրական հաստատված դեպք է հաղորդվել՝ որպես բացասական, և՝ հակառակը, ինչի արդյունքում էլ փաստացի հիվանդ մարդը գտնվել է առողջ միջավայրում՝ հանդիսանալով վարակի տարածման աղբյուր, փոխարենը՝ լիարժեք առողջ մարդը հայտնվել է հիվանդանոցում՝ ստանալով բուժում»,- նշում են մեր զրուցակիցները:
Նրանց խոսքով՝ պոտենցիալ վարակի տարածման գործողությունները հենց այստեղ է, որ պետք է փնտրել:
Առողջապահության նախարարության աշխատակիցների խոսքով՝ համաճարակի կառավարման ամբողջ ընթացքում, իրենց «բոբիկ» վիճակը թաքցնելով այս կամ այն միջազգային կառույցի որևէ հղման ներքո, այսօր նույն ծառայությունը հենց նույն միջազգային կառույցների քողի տակ կառավարությանն առաջարկ է ներկայացնում՝ երկիր բերել այս կամ այն պատվաստանյութը:
«Այս համատեքստում պետք է պարզել՝ համաճարակային պիկի շրջանում ինչպե՞ս է երկիրը պարզապես լքում այդ օրերին մամուլի թիվ 1 դեմքը՝ սույն ծառայության Վարակիչ հիվանդությունների կառավարման բաժնի պետ Լիաննա Թորոսյանը, ով մեկ զանգով պարզապես հայտարարում է, որ այլևս չի վերադառնալու, և, որ ամենակարևորն է, ինչի՞ դիմաց է հատկապես ստանում աշխատանք՝ նույն միջազգային կառույցում»,- տարակուսում են մեր զրուցակիցները:
Վերջիններս նաև տարակուսում են՝ ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին բազմաթիվ արտերկրյա վերապատրաստումներ անցած, տարատեսակ ծրագրեր, ֆինանսական հոսքեր ստացած և «Քովիդ-19»-ի շրջանակներում ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալով պարգևատրված պատասխանատու անձն ինքնակամ լքում է «պոստը»…
«Պարզել է պետք նաև՝ ինչո՞ւ է այսօր ծառայության ղեկավար Արտավազդ Վանյանն իր աշխատակիցներին արդեն 2 օր ստիպողաբար, աշխատանքից ազատման սպառնալիքով՝ պատվաստում, և այն էլ՝ բացառապես «Աստրա Զենեկա» կամ չինական պատվաստանյութով՝ առանց հաշվի առնելու իրենց իսկ կողմից սահմանված տարիքային շեմն ու հակացուցումները: Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն աշխատակիցների համատարած վարակման պայմաններում սույն անձը նույնքան ջանասիրաբար չի հոգացել և չի ձեռնարկել գործողություններ՝ բռնկման օջախ դարձած իր հիմնարկի աշխատանքը դադարեցնելու համար: Ավելին՝ նշված ժամանակահատվածում նույն տարածքում իրականացրել է նմուշառումներ՝ հատկապես պետական գերատեսչությունների աշխատակիցների շրջանում»,- վրդովված պատմում էին մեզ ահազանգած անձինք:
Նրանք հարցնում են՝ երբ ամբողջ երկիրն է պատվաստում ստանում ծառայության վարչական շենքի իմուն կաբինետում, երբ ընդհուպ Նիկոլ Փաշինյանն ու ողջ կառավարության կազմն է նույն վայր հասնում պատվաստվելու համար, ինչո՞ւ աշխատակիցների պատվաստման համար ՀՎԿԱԿ է հրավիրվում պատվաստում իրականացնող մեկ այլ խումբ թիվ 5 պոլիկլինիկայից…
Հարցին, թե ինչո՞ւ է այն իրականացնում հենց թիվ 5 պոլիկլինիկայի խումբը, ԱՆ աշխատակիցները պատասխանեցին՝ այնտեղ տնօրենի տեղակալը Ա.Վանյանի կինն է։ Նրանք նաև հավելեցին, որ Ա․ Վանյանի կնոջ քույրն էլ ֆինանսական չարաշահման գործով անցնող «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կնոջ քույրն է։
«Մի կողմից՝ 2 ամսվա ժամկետայնությամբ դեղի խոտանի թիվն այս կերպ նվազեցնելով, մյուս կողմից՝ կնոջ պոլիկլինիկայում պատվաստվողների թիվ և ֆինանսական միջոցներ ապահովելով՝ Վանյանն իր հերթական ստվերային ոճի մեջ է»,- եզրափակեցին 168.am-ի խմբագրություն զանգահարած ԱՆ աշխատակիցները՝ խնդրի նկատմամբ հրավիրելով իրավապահների ուշադրությունը: