«Ուզում է Մեղրին էլ տա, եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ Կուբաթլուն տվեցին». Հովհաննես Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի բնորոշմամբ՝ բոլորի ամոթն է, որ մինչև այսօր հանրությունը չգիտի, թե կոնկրետ քանի գերեվարված հայ զինծառայող կա Ադրբեջանում, քանի անհետ կորած։
«Այս ամենի վառ ապացույցն այն է, որ այսօր մեր տղաների մարմինները մի մորգից տեղափոխում են մեկ այլ մորգ, սա այնպիսի մոտեցում է, որ աշխարհում գոյություն չունի։ Մեր հայ տղաները երբեք չեն վախեցել մարտիրոսվելուց, բայց այսօր մենք մտածում ենք, թե ինչու այդ տղաները դարձան դավաճանության զոհ։ Գիշերով թուղթ ստորագրեց, այդ տարածքները տղաների հետ հանձնեց, սա մի խայտառակություն էր, որ տեղի ունեցավ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը։
Եվ այս ամենի ֆոնին, ՀՀԿ խորհրդի անդամի գնահատմամբ՝ տրամաբանությունից դուրս է այն, ինչ տեղի է ունենում՝ տարբեր համերգային միջոցառումների կազմակերպում, քաղաքի տարբեր հատվածներում հնչող բարձր երաժշտություն, ֆեյսբուքյան ուղիղ եթերներ և այլն, քանի դեռ գերեվարված, անհետ կորած տղաներ կան: Սարսափելի է նաև այն պատկերը, որը երեկ բոլորը տեսան Աբովյանի դիահերձարանում։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պարտությամբ հպարտ է՝ առանց սարկազմի ու ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ հոգեբույժների կարիք կա։ Մասսա կա, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերի բովանդակությանը չի հետևում, նա չի կարող ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ, որովհետև 5 հազար զոհն իր պատասխանատվության տակ է և իրենց մեղավորությամբ է եղել։ Եթե պետք է ստորագրեր ու Ալիևի հետ բանակցում էր, թող ազնվություն ունենար՝ նման քայլի չգնար ու երկիրն այս վիճակի չհասցներ։ Ի՞նչ է նշանակում՝ տղաների մարմինները այսպես թողնել, լավ, այս մարդկանց մեջ հարգանքի որևէ նշան կա՞, թե՞ չկա։ Այդ տղաներն իրենց համար ամենաթանկն են դրել»,- հավելեց նա։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ 3-4 ամիս առաջ արած իր հայտարարությունն այսօր իրականություն է դառնում՝ օրվա իշխանությունը խնդիր ունի 5 տոկոսի շեմը հաղթահարելու։
«Նա անընդհատ շահարկում է Արցախի հարցը, թե՝ տեսեք, նախկինները տվել են, Արմեն Աշոտյանն իրեն հրավիրել է բանավեճի։ Սրտատրոփ սպասում եմ այդ բանավեճին, հուսամ, կապիտուլյանտը կընդունի նետած ձեռնոցը, թող ուղիղ եթերում բանավիճեն, կտեսնենք, թե ինչ խայտառակ ճանապարհներով են անցել, որ մենք հասել ենք այս օրվան։ Ասում է՝ նախկիններն ուզում էին Արցախը տային, ինքն էլ ուզում էր Ամբողջ Արցախը տար, Ստեփանակերտն էլ հետը, ուզում է Մեղրին էլ տա, եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ Կուբաթլուն տվեցին»,- շեշտեց Հ. Սահակյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ուզում է իր փնթի վիճակը շտկել, սեփական վարկանիշը բարձրացնել ու բանավեճի հրավիրել մարդկանց, որոնք Արցախը պահել են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում