Ադրբեջանի կողմից՝ ՀՀ սահմանը հատելուց հետո եռակողմ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվել են. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը նաև ղեկավարում է 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ ձևավորված եռակողմ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե «մասնավորապես սահմանային իրավիճակից հետո» եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցվել են:

«Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, որովհետև, իրոք, ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում, ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանն ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք կողմ է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ սահման ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրս գալուն առնչվող առաջարկին, համաձայն որի՝ երկու հայկական և ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն սահմանից, տեղակայվեն դիտորդներ: Նա միայն նշեց.

«Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»:

Լրագրողի հարցին, թե չկան արձագանքներ ԵԱՀԿ երկրներից, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր այդ առաջարկի ի կատար ածվելը, նա պատասխանեց․

«Ես կարծում եմ՝ բոլորիս համար ավելի կարևոր կլինեն արդյունքները, այլ ոչ թե արձագանքները… Ինչի՞ եք պնդում, որ արձագանք չկա… Ես կարծում եմ՝ մոտակա ժամանակներում դուք կլսեք բոլոր արձագանքները»:

Մյուս հարցին, թե Բաքվից կարծես թե չեն արձագանքում և միայն խոսում են սահմանազատման ու սահմանագծման համաձայնության մասին, փոխվարչապետի պաշտոնակատարն արձագանքեց.

«Չէ, ես կարծում եմ՝ կլինեն արձագանքներ: Չեն կարող չլինել արձագանքներ և չեն կարող չլինել գործողություններ: Ուզում եմ վստահ լինել, որ իրոք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա… Մոտ օրերս»,- ասաց Գրիգորյանը՝ բացառելով Ադրբեջանին Հայաստանից անկլավներ հանձնելու քննարկումների գոյությունը:

Գրիգորյանը նաև անդրադարձավ գերիների հարցին ու հույս հայտնեց, որ գերիների հարցը լուծում կստանա:

«Չկա մի առիթ կամ մի հանդիպում կամ մի հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում կամ չի քննարկվի: Ես հույսով եմ, որ այդ հարցը լուծում կստանա, բայց ավելի կոնկրետ բան այս պահին չեմ կարող Ձեզ ասել»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս