Բաժիններ՝

Հույզ, ապրում, պար. «Արմմոնո» փառատոնին ցուցադրվեց «Ել» կարճամետրաժ ֆիլմը

«Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Եվ միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել:

Հանրության լայն շրջանակը ֆիլմը դիտելու հնարավորություն ստացավ «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Ցուցադրությունը տեղի ունեցավ մայիսի 31-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

Բեմադրիչ, մտահղացման հեղինակ և խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն ասաց, որ «Ել»-ը իր առաջին ֆիլմն է: Պիպոյանին հետաքրքիր է շարժումը տեսնել որպես կադր, ոչ որպես պար բեմում:

«Մտահղացումն առաջացավ 2020 թվականին, երբ բոլորս փակված էինք տներում, և ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար: Գաղափարն իրականացնելու գործում ինձ օգնել են Բեռլինում և այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- նշեց Ռիմա Պիպոյանը:

Նրա խոսքով՝ «Ել»-ը նախատեսված է մեծ էկրաններին ցուցադրելու համար: Բեմադրիչը տեղեկացրեց, որ այն արդեն արժանացել է մի շարք մրցանակների, իսկ մոտ օրերս ցուցադրվելու է ԱՄՆ-ում, Լեհաստանում և Իտալիայում: Ավելի վաղ ցուցադրվել է Բրազիլիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս