Բաժիններ՝

ՌԴ-ն երկարացնում է թռիչքների սահմանափակումը Թուրքիա և վերականգնում չվերթները Լոնդոն

Ռուսաստանը մինչեւ հունիսի 21-ը երկարացրել է ավիահաղորդակցության սահմանափակումը Թուրքիայի եւ Տանզանիայի հետ՝ այս երկրներում համաճարակաբանական բարդ իրադրության պատճառով:

Այդ մասին հաղորդել են կորոնավիրուսային ինֆեկցիայի ներբերումը եւ տարածումը չթույլատրելու գծով օպերատիվ շտաբում:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունիսի 2-ից, Մոսկվա-Լոնդոն երթուղով չվերթները կկատարվեն շաբաթը երեք անգամ՝ փոխադարձ հիման վրա: Այս որոշումն օպերատիվ շտաբն ընդունել է Մեծ Բրիտանիայում համաճարակաբանական իրադրության բարելավման կապակցությամբ:

Հունիսի 10-ից ավիահաղորդակցությունը կվերսկսվի Ռուսաստանի եւ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիայի, Մարոկոյի եւ Խորվաթիայի միջեւ: Նաեւ հունիսի 10-ից կվերսկսվի Ալբանիայի հետ չարտերային ավիահաղորդակցությունը Մոսկվա-Տիրանա երթուղով՝ շաբաթը մեկ անգամ: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը սահմանափակել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ եւ տուրօպերատորներին արգելել այնտեղ ուղեգրեր վաճառել COVID-19-ով հիվանդացության բռնկման պատճառով: Փոխադարձ հիման վրա պահպանվել է շաբաթական երկու չվերթ՝ Մոսկվա-Ստամբուլ եւ Ստամբուլ-Մոսկվա ուղղությամբ:

Տանզանիայի հետ ավիահաղորդակցությունը նույնպես դադարեցվել է ընթացիկ տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը: Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանն ավիահաղորդակցությունը դադարեցրել էր 2020 թվականի դեկտեմբերի 22-ից այս երկրում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի տարածման պատճառով, այնուհետեւ սահմանափակումները քանիցս երկարացվել են:

Վերջին անգամ ավիահաղորդակցությունը մինչեւ հունիսի 1-ը ներառյալ դադարեցնելու վերաբերյալ որոշումն օպերատիվ շտաբի կողմից ընդունվել է ապրիլի 15-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս