Ես չեմ կարծում, որ մենք ունենք պետական ու ազգային շահին սպառնացող իրավիճակ. Մհեր Գրիգոյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի մասին
Մայիսի 27-ին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո երեկ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳն անձնակազմի հետ, որի ընթացքում հայտարարել էր, թե հրաժարականի որոշումը պայմանավորված է ազգային ու պետական շահը բարձր դասելով:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,– ասել էր Արա Այվազյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով Արա Այվազյանի հրաժարականին, նշեց, որ չկա ազգային ու պետական շահին սպառնացող իրավիճակ:
«Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար, բոլորիս համար առաջնային են ազգային շահերը: Եվ որևէ առիթ չեմ տեսնում, բայց, այնուամենայնիվ, եթե կա նման միտք, ապա ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք նախկին նախարարին»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Նա բացառեց քննարկումները, թե կա չհրապարակված նախաձեռնություն կա, ու հնարավոր է՝ դա է եղել հրաժարականի պատճառը:
«Բացառեք դա: Բացառեք դա: Ուղղակի բացառեք: Եկեք հասկանանք պահի լրջությունը և ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր առ այն, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և առավելևս ես Ձեզ կարող եմ մի բան հավաստիացնել և վստահեցնել՝ չի էլ կարող լինի գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղղակի չկա նման բան: Եվ ես կարծում եմ՝ ավելորդ են նմանատիպ շահարկումները»,-ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև բացառեց, որ Արա Այվազյանի հրաժարականին կարող են հետևել այլ հրաժարականներ ԱՆԳ-ից ու պետական մյուս գերատեսչություններից, ինչն էլ կարող է բերել կոլապսի:
«Եթե Դուք ճշտեք պատճառները կամ մեզ հայտնի դառնան պատճառները ավելի մանրամասն, նոր հնարավոր կլինի Ձեր հարցին ավելի ընդարձակ պատասխան տալ, բայց այս պահին չկա նման մտավախություն»,-նշեց Մհեր Գրիգորյանը: