«Իրենց կողմից նշանակված նախարարն ասում է՝ այս իշխանությունները Հայաստանի շահերին դեմ են, դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ ազդակ է». Արամ Վարդևանյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի մասին

Այսօր Արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ներկայացրել է իր հրաժարականի պատճառները՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ ԱԳՆ-ն չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին նախարարի հրաժարականի պատճառներին՝ ասաց, որ կարելի էր ստեղծված իրավիճակի մասին ավելի վաղ բարձրաձայնել:

««Հայաստան» դաշինքը հայտարարությամբ հանդես էր եկել, որ այս ժամանակավոր իշխանության ցանկացած գործողությունն էլ, թե ինչ ելակետ է ընդունում, պարզ չէ, բայց հաստատ Հայաստանի շահերը չէ, որ պաշտպանում են, կամ որևէ կերպ փորձում են ներկայացնել: Սա իսկապես ապշելու երևույթ է, և ես կարող եմ ասել, որ դուք չեք գտնի մի երկիր, որտեղ Արտաքին գործերի նախարարը, հրաժարական ներկայացնելով, պատճառաբանություն է ներկայացնում հենց նման հանգամանք,  տվյալ դեպքում պարզ է, չէ՞, որ նախարարը, ենթադրենք, չի բարձրաձայնում Տարածքային կառավարման նախարարի կամ մարզպետի գործողությունները, խոսքը գնում է ՀՀ վարչապետի պաշտոնն ամեն կերպ դեռևս զբաղեցնել փորձող անձի արարքների մասին: Սա, կարծում եմ, պետք է նաև մեր հանրության համար ազդակ լինի, սրա մասին այնպես չէ, որ նոր է խոսվում, սրա մասին բազմիցս են շատ հիմնավոր հայտարարություններ ներկայացվել, և կարծում եմ՝ սա հերթականներից մեկը պետք է լինի: Կարելի էր դրա մասին շատ ավելի շուտ ահազանգել, որովհետև կարծում եմ՝ ինչ-որ պրոցեսներ միգուցե այնպիսի մի իրավիճակի են հասել, որ նույնիսկ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը»,- ասաց Վարդևանյանը:

Լրագրողի հարցին, թե սա հերոսակա՞ն քայլ է, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պատասխանեց, որ՝ ոչ:

«Ես սա չեմ կարող դիտարկել՝ որպես հերոսական քայլ, բայց եթե համեմատության մեջ դիտարկենք այլ պաշտոնյաների հետ, ես, օրինակ, կարող էի ասել՝ իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հետ, սա որոշակի կոնկրետ քայլ է և միգուցե հանրության որոշ զանգվածի համար ազդակ կարող է լինել»:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ Արա Այվազյանից ակնկալում են պարզաբանում, թե «այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին»: Վարդևանյանը սա որակեց՝ որպես հերթական մանիպուլյացիա:

«Ես վստահ եմ՝ Կառավարությունում մամուլի խոսնակի աշխատասենյակը պետք է լինի  այնպիսի վայրում, որ նա, մի քանի սենյակ անցնելով,  կարող է գտնել այդ ապացույցները, հետևաբար՝ չեմ կարծում, որ Արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարարն է հասցեատերն իր հարցի, հասցեատերն իր անմիջական ղեկավարն է: Սա, կարծում եմ, իրեն էլ է հայտնի, ցավոք, հերթական նման մանիպուլյացիաներին ենք հանդիպում»:

Լրագրողի հարցին, թե Արա Այվազյանի միայն այս հայտարարությունը բավարա՞ր է, արդյոք պե՞տք չէ դիմել ԱԱԾ, եթե նա կարծում է, որ մեր պետական շահին դեմ որոշումներ են կայացվում, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն արձագանքեց, որ պետք չէ որևէ ակնկալիք ունենալ ԱԱԾ-ից՝ հաշվի առնելով, թե ինչով է զբաղված կառույցը վերջին երեք տարիներին՝ «սատանա» փնտրել, ՀԴՄ տպելու գործընթացը վերահսկել:

«ԱԱԾ-ն չի կարող լինել նման կառույց, չի կարող շարունակել մնալ նման կառույց: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ մեր հանրության կողմից մանրամասն ուսումնասիրվի և նաև դրա կիրառման հատվածը ուսումնասիրվի, ինչպես, օրինակ, ռազմագերիների հարցը մինչև օրս լուծված չլինելով, մեր հայրենիքի հողերի հանձնելու մասը շատ հստակ իրականացվում է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նշված անձը, որը հայտարարության կատարման երաշխավորն է, նման կերպ է առաջնորդվում, խոսել, որ նա որևէ կերպ մտածում է Հայաստանի շահերի մասին, արդեն իսկ աբսուրդ է: Դուք նկատել եք, չէ՞, թե վերջերս ինչպիսի հայտարարություններ են ներկայացվում ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ, որ ենթադրենք՝ դե գիտեք ինչ, մի սար է, 30 % լճի համար պատերազմ պետք է անե՞նք, այդպե՞ս խոսել ՀՀ սուվերեն տարածքի մասին, նույն պատգամավորներից մեկը, ում անձամբ ճանաչում եմ և մեծ ցավ ապրեցի, երբ վերջինս, իրավաբան լինելով, նման հայտարարություն արեց, ասում է՝ ամայի տարածքներն ինչո՞ւ պետք է զինված ուժերը պաշտպանեն, հարգելիներս, սա այդ իշխանության հավաքական նկարագիրն է, և այն, որ նույնիսկ իրենց կողմից նշանակված նախարար Արա Այվազյանը հրաժարական է ներկայացնում՝ ասելով, որ այս իշխանությունները Հայաստանի շահերին դեմ են, դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ ազդակ է»,- ասաց Վարդևանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ բանավիճելու հրապարակային առաջարկին՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ իր կարծիքով՝ տարածքներ գրաված նախագահը չպետք է բանավիճի հողեր հանձնած մարդու հետ:

Տեսանյութեր

Լրահոս