«Նիկոլի օգտին քվեարկողը խփում է իր և իր տոհմի դագաղի վերջին մեխը». Սերժ Սրապիոնյան
ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն առաջին անգամ է լսում և երբևէ որևէ գրքում չի կարդացել, որ մարդը կարող է պարտությունով հպարտանալ:
«Սովորաբար բախումներում, մրցույթներում և այլ տիպի հակադրություններում պարծենալու իրավունք ունի հաղթողը. Չկա՛ այսպիսի արտահայտություն, թե պարտվողներին չեն դատում, կա հակառակը՝ հաղթողներին չեն դատում: Եթե Փաշինյանը պարտությունը համարում է հպարտություն, սա որևէ տրամաբանական մտքի մեջ չի կարող տեղավորվել, և ինքն ապրում է հպարտություն, այստեղ լուրջ խնդիր կա: Եվ ո՞ւմ աչքերի մեջ պետք է նա նայի: Նա հպարտությամբ կարող է նայել այն մարդկանց աչքերի մեջ, ում շատ անհրաժեշտ էր հայոց բանակի կազմալուծումը, պարտությունը, տարածքների կորուստը: Իսկ ես այդպիսի երկու տեսակի մարդ եմ ճանաչում. Թուրքի մի տեսակ, որն անվանվում էր կովկասյան թաթար, հիմա՝ ադրբեջանցի, և բուն թուրքերը, որոնց աչքերին հպարտությամբ կարող էին նայել բոլոր նրանք, ովքեր թուրքին ծեծել էին: Բայց երբ ծեծվածն է հպարտությամբ նայում ծեծողի աչքերի մեջ, սա ինձ համար անհասկանալի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»:
Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ ինչո՞ւ Սպիտակում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցողներից որևէ մեկը Փաշինյանին չհարցրեց՝ ինչո՞վ ես պարծենում. «Փաշինյանը հպարտ կարող է նայել այն մարդկանց աչքերին, որոնց խոսք է տվել՝ զոհել 7000 հայ ծաղկահասակ երիտասարդների, գերեվարել շուրջ 1000 հայ մարդու, ոչնչացնել տալ, կյանքում լուսանցքի մեջ դնել 11-12 հազար հայ երիտասարդների, և դրանից հետո հպարտությամբ նայել այն մարդուն, որին խոստացել էր այդ ամենը, իսկ դա Ալիևն է և նրա քիրվա Էրդողանը: Ուրիշ մեկի աչքերի մեջ, չեմ կարծում, թե նա կարող է հպարտ նայել»:
Նա անդրադարձավ նաև Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանին»՝ ընդգծելով. «Եթե Փաշինյանի խոստացած խաղաղությունը պետք է գա իմ իրավունքների՝ ադրբեջանական ոտնակոխի հաշվին, եթե պետք է իմ երեխաները, թոռները, իմ սերունդները մեծանան ադրբեջանական միջավայրում, և ադրբեջանցիները տանեն ձուլման, ոչնչացման մեր ազգը, ապա այդ խաղաղությունը թող այս մարդը տանի՝ իր ընտանիքով վայելի: Ես այդպիսի խաղաղություն չեմ ուզում: Ինքն է ինձ պարտական, ոչ թե՝ ես իրեն: Ինքը ինձ չպետք է սպառնա քաղաքացու վրեժով, այդ ես եմ քաղաքացին: Հայաստանի քաղաքացին ես եմ, և եթե ինքը ինձ սպառնում է վրեժով, ապա, եթե ես քաղաքացու իմ վրեժով առաջնորդվեմ, ապա այդ ժամանակ վայն իսկապես եկել-տարել է այն մարդուն, ով պարտությունով հպարտանում է, ով երկիրը տոկոսով է հաշվում, այն մարդուն, ում թիմակիցը ամայի տարածքները հայրենիք չի համարում, ով կիրթ և կառուցողական է համարում իմ երկիրը ավերակողին, և այն մարդուն, ով միտումնավոր կերպով չի խոսում մեր մշակութային արժեքների ոչնչացման մասին, մեր գերիների, զոհերի մասին, երեք շարք ոստիկաններով շրջափակված գնում է այցելության՝ իբրև թե հարգելու մեր անմեղ զոհերին: Այդ տեսակ մարդը թող սարսափի քաղաքացու վրեժից. Ես քաղաքացու վրեժից վախենալու ոչինչ չունեմ, և ինքը պարտավոր է հաշվի առնել, որ այո, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, իսկ ուղղությունը կերևա քաղաքացուց»:
Սերժ Սրապիոնյանի գնահատմամբ՝ ոչ թե Ալիևն է հայ գերիներին որպես Փաշինյանի վրա ազդելու միջոց օգտագործում, այլ Փաշինյանն է օգտագործում մեր գերիների փաստը. «Դրա համար ամենատարբեր առիթներով, ամենատարբեր գործողություններով հարստացնում է մեր գերիների թիվը, որպեսզի Ալիևի ձեռքին ուժեղ փաստ տա և մեր ժողովրդին ուժեղ փաստով ներկայացնի այն, որ գիտեք՝ երկիրը չտալու տարբերակ չկա, կամ երկիրը պետք է տանք՝ գերիներին բերենք, կամ գերիները պետք է մնան և ոչնչացվեն: Մի մարդ, որ իրեն երկրի ղեկավար է համարում և իր երկրին առնչվող բանակցություններին անգամ չի կարողանում մասնակցել, այդ մարդը ամենամեծ երևակայությամբ անգամ պետք է չկարողանար իրեն երևակայել այս երկրի ղեկավար: Իսկ նրանք, ովքեր համարում են, որ այս մարդը իրենց ղեկավարն է, կարող են շատ հանգիստ իրենց ղեկավարի հետ գնալ և ապրել իրենց կիրթ և կառուցողական ընկերոջ երկրում, այս երկիրը իրենց տեղը չէ»:
Սրապիոնյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի կեղծել ընտրությունները.
«Դրա վկայությունը նաև այն է, որ Փաշինյանի այս ձևական այցելությունները՝ փակ դռների հետևում, նույն մարդկանց հետը քարշ տալով, դահլիճները լցնելով՝ զրույցները, ընդամենն իմիտացիա է, որ ինքը քարոզարշավ է անում: Ինքը մշակել է տեխնոլոգիաներ, որ անկախ ընտրությունների ելքից՝ իրեն համարի հաղթանակած, որովհետև այդ փորձը իրենք ունեն արդեն՝ 2008թ. մարտի 1-ին փորձեցին նման բան անել:
Պետք է, իհարկե, ուշադիր լինել, և ընդդիմությունը պետք է կարողանա այս բոլոր տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինել: Ես կարծում եմ, որ վերջին 10 օրը վճռական կլինի՝ ժողովրդի մտածողության մեջ շատ բան փոխելու համար: Պետք է ժողովրդին ներկայացվի այն ամբողջ արհավրալից իրականությունը, որը Նիկոլի և նրա թիմի ջանքերով Հայաստանը կրում է իր ուսերին, և պետք է ժողովբուրդը հասկանա, որ պետք է գնա և քվեարկի: Անկեղծ ասեմ՝ եթե ժողովուրդը գնաց ընտրատեղամաս, դա Նիկոլի վերջն է, որովհետև նույնիսկ Նիկոլի մերձավոր շրջապատում կան մարդիկ, որոնք ծլվլում են Նիկոլի դեմքին, բայց հակված են քվեարկելու ուրիշներին: Ես կոչ եմ անում ժողովրդին՝ գնացեք ընտրատեղամաս, քվեարկեք ընդդեմ Նիկոլի, ում օգտին ուզում եք՝ քվեարկեք, միայն ոչ Նիկոլի, որովհետև Նիկոլի օգտին քվեարկողը խփում է իր և իր տոհմի դագաղի վերջին մեխը, սա է ճշմարտությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում