«Էս խեղկատակին պետք է ճանապարհենք՝ որտեղից որ եկել է, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա»․ հարցում Էրեբունիում
Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով՝ քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, ինչպես նաև, եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։
Այս անգամ Երևանի Էրեբունի վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։
«Բացառում եմ գործող իշխանության օգտին քվեարկելը, քանի որ նրանց աշխատանքը չեմ հավանում,- ասաց հարցված քաղաքացիներից տարեց մի կին։ Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ հիասթափության պատճառը, չէ՞ որ 2018 թվականին ժողովուրդը ծափերով ողջունեց այս իշխանություններին․
«Ես չեմ գնացել, չգիտեմ, իմ թոռներն են գնացել, թող իրենք էլ պատասխան տան, բայց Փաշինյանի աշխատանքն ինձ դուր չեկավ։ Թոռնիկներս էլ են փոշմանել, ասում են՝ մենք որ իմանայինք, չէինք գնա իրա հետևից․․․ Իմ կյանքում, եթե մի քիչ փոփոխություն է եղել, Քոչարյանի ժամանակ է եղել, ես Քոչարյանին եմ ընտրելու»։
Հարցվածներից երիտասարդ մի տղամարդ էլ ասաց, որ ընտրելու է «Պատիվ ունեմ» դաշինքին, իսկ թե ինչո՞ւ, այսպես պարզաբանեց․
«Էրեբունցի եմ, պատիվ ունեմ»։
Տարեց մի տղամարդ էլ ասաց, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ հիասթափվել է։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին․
«Նրանց եմ վստահում։ Դա իմ ցանկությունն է»։
Միջին տարիքի մի տղամարդ էլ ասաց, որ ընտրություններին մասնակցելու է, որոշել է, թե ում օգտին է քվեարկելու, բայց․
«Չեմ ասի, էդ թող մնա ինձ, ես գիտեմ՝ ում կընտրեմ, ոնց կընտրեմ, չնայած էլի էդքան վստահ չեմ, բայց գտնում եմ, որ մեջների հարմարն է իմ որոշածը․ ընդդիմադիր դաշտից են»։
Միջին տարիքի մի կին էլ ասաց, որ վաղուց որոշել է, թե ում օգտին է քվեարկելու, հարցին՝ եթե գաղտնիք չէ, կասե՞ք, պատասխանեց․
«Իհարկե գաղտնիք է»։
Հարցված քաղաքացիներից ևս մեկը, որ արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու, որոշումն էլ գաղտնի չի պահում.
«Որոշել եմ ձայնս այն ուժին տամ, ով մտածում է մեր հայրենիքի և Արցախի մասին, իսկ այդ ուժն այսօր, ինձ թվում է, «Պատիվ ունեմ» դաշինքն է։ Շատ-շատ կուզեմ, որ այդպիսի հայրենասեր մարդիկ հայտնվեն մեր խորհրդարանում, և միանշանակ իմ ձայնն իրենց եմ տալու»։
Երիտասարդ մի կին էլ ասաց․ «Իմ քաղաքացիական պարտքը կկատարեմ հօգուտ «Պատիվ ունեմ» դաշինքի, որովհետև իմ հայրենիքի պաշտպանությունը տեսնում եմ նրանցում, միանշանակ»։
Հարցվածներից միջին տարիքի մի տղամարդ ևս որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ասում է՝ նման որոշում է կայացրել, քանի որ ցուցակը գլխավորում են Արթուր Վանեցյանը և Տարոն Մարգարյանը․
«Ցանկանում ենք, որ այդ դաշինքն առաջին տեղով անցնի, երկիրը կառավարի նորմալ, որովհետև մեր երկրում արդեն 3 տարի բարձիթողի վիճակ է։ Տեսնում ենք՝ ինչ է կատարվում, սահմանները, տնտեսական վիճակը, ամեն ինչ խառնվել է իրար։ Դրա համար մեզ պետք է մի ուժ, որը կարողանա այս երկիրը կառավարի ու այս վատ վիճակից դուրս բերի»։
Հարցվածներից 2 կին սկզբում հրաժարվեցին ասել, թե ում օգտին են քվեարկելու․
«Չենք կարող ասել, թե ում ենք ընտրելու, որովհետև էն անգամ, որ ընտրեցի, ծեծ կերա (ծիծաղում է.- Ն.Խ.), հիմա էս անգամ էլ անեմ, եկողները պետք է ասեն՝ քո ընտրածն է, հիմա թաքուն եմ ընտրելու, բայց նորից նույնին․․․»։
Ի վերջո, ասացին, որ նախորդ ընտրություններին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, և այս ընտրություններին էլի նրան են ձայն տալու, իսկ թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել պատասխանեցին․
«Ես բոլոր նախագահների օրոք ապրել եմ նույն ձևով, փոփոխություն չի եղել։ Մեր կարգավիճակը նույնն է եղել, չի փոխվել, ոչ նրանց ժամանակ, ոչ սրանց, ոչ էլ հետո է փոխվելու, ոչ էլ ցմահ է փոխվելու, մնալու է նույնը, ուղղակի վտանգ կա, որ նորից հները վերադառնան․․․»։
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ ընտրելու է Ռոբերտ Քոչարյանին.
«Ես կարծում եմ, որ մեր երկիրն այս վիճակից դուրս կբերի միայն մի մարդ, դա մեր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ես այդպես եմ մտածում»։
Մեծահասակ մի տղամարդ էլ, որը ներկայացավ ազատամարտիկ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցին յուրօրինակ պատասխան տվեց․
«Անպատճառ։ Անպայման մասնակցելու եմ։ Ես պատիվ ունեմ ու պատիվ ունեցողին էլ տալու եմ ձայնս, «Պատիվ ունեմ» դաշինք կա, չէ՞»։
Իսկ թե ինչո՞ւ հենց այս ուժին, քաղաքացին պատասխանեց․
«Առաջին հերթին՝ պատիվ ունեմ, ինձ չեմ համարում նախկին, ես հիմա էլ եմ ազատամարտիկ ու այս հողերի կորուստը առաջին հերթին համարում եմ անպատվաբեր, նոր դրանից հետո համարում եմ անարդարություն, եթե մարդը պատիվ ունի, չի կարող անարդար բան անի։ Հետո համարում եմ, որ դա ազգային անվտանգությանը մեծ սպառնալիք է, իսկ Վանեցյանը ԱԱԾ պետ է եղել, ու իմ կարծիքով՝ ոչ լավագույնը, բայց լավերից մեկն է եղել։ Մյուսը՝ Տարոնը Մարգարյան, ես նրա գործը տեսել եմ, տեսել եմ՝ ինչ գործ է արել, ինչ չի արել՝ և թաղապետ ժամանակ, և քաղաքապետ ժամանակ, և տեսել եմ մեր նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի գործը։ Ես ձայնս տալու եմ միայն նրան, ում գործը տեսել եմ։ Հեն ա, Նիկոլի գործն էլ եմ տենում։ Ես ցավում եմ, որ Երրորդ նախագահը չկա ցուցակներում, ես իրա հետ ավտոմատը ձեռքիս կողք կողքի կռվել եմ․․․»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հատուկ ընտրությունների համար է Իսպանիայից եկել Հայաստան․
«Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, որովհետև նրանք թիմ ունեն, որ իշխանության եղած ժամանակ գործ են արել։ Տարոն Մարգարյան, Դավիթ Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, ու կարելի է թվել, բոլորն էլ պրոֆեսինոլ են, որը մեզ հարկավոր է երկիրը փրկելու համար․․․»։
Երիտասարդ մի տղամարդ ևս որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին․
«Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, էս խեղկատակին ճանապարհենք՝ որտեղից եկել է, ու արժանապատիվ ձևով ապրենք՝ որպես հայ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում