«Հենց Նիկոլ Փաշինյանը կործանեց մեր երկիրը». հարցում Էրեբունիում

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

168am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով՝ քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, ինչպես նաև, եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։

Այս անգամ Երևանի Էրեբունի վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։

«Միանշանակ «Պատիվ ունեմ» դաշինք, որովհետև լուրջ մարդիկ են ու հայրենիքի մասին մտածող մարդիկ են։ Գործող իշխանության մասին եկեք չասեմ, արդեն պարզ է, ինձ թվում է՝ բոլորին է պարզ»,- ասաց երիտասարդ մի կին։

Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ չի մասնակցելու ընտրություններին․

«Չեմ կամենում, չեմ ցանկանում, կարճ ու կոնկրետ։ Չեմ մասնակցում ու վերջ»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում գործող իշխանությունների աշխատանքը․

«Աննորմալ վիճակ է, բոլորինը, մեկինը չէ»։

Հարցված քաղաքացիներից մի կին էլ ասաց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին և իր ձայնը տալու է «Պատիվ ունեմ» դաշինքին․

«Ընտրելու եմ Տարոն Մարգարյանին, իր գործը հավանում եմ, հավանել եմ․․․»։

Եվս մեկ քաղաքացուց, որը չի մասնակցելու ընտրություններին, հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը․

«Չգիտեմ, չեմ ուզում։ Հիասթափված չեմ, բայց չեմ էլ մասնակցում, ես Աստծուն եմ ընտրել»։

Մի կին էլ ասաց, որ ընտրելու է Ռոբերտ Քոչարյանին․

«Միակ մարդն եմ տեսնում այս պահին, որ կարող է մեր երկիրը հանել այս իրավիճակից։ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, թե մենք ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի կարող երկիրն այս վիճակից հանել, իմ կարծիքով՝ հենց ինքը կործանեց մեր երկիրը»։

Հարցվածներից մի կին էլ պատասխանեց, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․ «Իրան եմ սիրում»։

Տիկնոջից հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է երկրի անվտանգային հարցերը լուծել, ասաց՝ եթե ժողովուրդն իր կողքին լինի, ապա կկարողանա, իսկ Հայաստանի սահմանին տեղի ունեցող զարգացումների և հայ զինծառայողների գերեվարման մասին ասաց․

«Ուրեմն քնած են էլե, ես տենց եմ մտածում։ Զինվորը իրավունք չունի, չէ՞, ճիշտ չե՞մ ասում։ Ո՞նց կարող է մտնեն մեր հողի մեջ, վերցնեն ու տանեն, ուրեմն քնած են էլե»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ չի մասնակցելու, քանի որ գրանցման հասցե չունի։

Քաղաքացիներից ևս մեկը պատասխանեց, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, թե ինչո՞ւ, պատասխանեց․

«Ամենաազնիվ, ամենախելացի մարդն է, դրա համար․․․»։

Քաղաքացիներից ևս մի կին պատասխանեց, որ իր ձայնը վստահելու է «Պատիվ ունեմ» դաշինքին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս