«Գյուղնախարարությունը խի՞ փակեցին… Նախարարը մասնագետ պիտի էղնի, ոչ թե եզան գյուղից բերեն մի հատ շոֆերի, ասեն՝ էսի նախարարն ա». կյանքը՝ Արաքս գյուղում

168.am-ը շարունակում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և գյուղեր, տեղի բնակիչներից հետաքրքրվել առօրյա խնդիրների, ապրելակերպի, երկրի իրավիճակի հետ կապված իրենց մտածմունքների մասին։ Այսօր այցելել էինք Արմավիրի մարզի Արաքս գյուղ և բնակիչներից հետաքրքրվել գյուղում առկա խնդիրներից, ինչպես նաև զրուցել երկրում տիրող իրավիճակից։

70-ամյա Էլմիրա Խաչատրյանին հանդիպեցինք գյուղամիջում, թոռների հետ՝ թթենու մոտ։ Ասաց՝ գյուղում կյանքը միապաղաղ է, տանջվում, ապրում են․

«Հող ենք մշակում, ջուրն էլ հիմա քիչ է․․․»։

Տարեց կինը չցանկացավ խոսել երկրի վիճակի մասին, ասաց՝ դուք էլ լավ գիտեք, թե ինչ վիճակ է, իսկ հարցին՝ արդյոք մասնակցելո՞ւ է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պատասխանեց․

«Չէ, չեմ ցանկանում։ Գործող իշխանությանը չեմ հավատում, քանի որ թոռնիկներիցս մեկը վիրավոր է, մյուսն էլ՝ Կապանում, չենք հասկանում, թե վերջը ոնց պետք է լինի։ Ներկա մոմենտին 5 զինվոր ունեմ՝ 2 տղաներս, հարսս, թոռնիկներս․․․ Ի՞նչ ասեմ, չգիտեմ»։

Տիկին Էլմիրան նաև դժգոհեց գյուղում մանկապարտեզի բացակայությունից, ասաց՝ ստիպված են ամեն օր երեխաներին մի քանի գյուղ այն կողմ տանել մանկապարտեզ։

Գյուղացիներից Համլետ Ավագյանն էլ ասաց, որ գյուղում կյանքը շատ շուտ է սկսվում, առավոտ ժամը 5-ից բոլորը գնում են դաշտ․

«Մութն ընկնում է, նոր հոգնած գալիս են տուն, լողանում, պառկում քնում են։ Ուրիշ գործ չկա, որ զբաղվենք, հողից՝ տուն, տնից՝ հող։ Պատկերացրեք, որ 2 ամիս է՝ հեռուստացույց չեմ էլ նայում, որովհետև ժամանակ չունեմ․․․»։

Ճանապարհին հանդիպեցինք Արաքսի բնակիչներից միջին տարիքի մի տղամարդու, հետաքրքրվեցինք, թե այսօր ի՞նչ խնդիր կա գյուղում, պատասխանեց․

«Էս տարի գիլասը չկա, սալորը չկա, խաղողը՝ ոչինչ, նորմալ է, գյուղացիքի եկամուտը կախված է դրանից, եթե կարկուտ չլինի՝ լավ է, յոլա ենք գնում․․․ Ջրի գներն է բարձր, սեզոնին 1 հեկտար ջրելը 82.000 դրամ է, եթե չեմ սխալվում։ Տարվա եկամուտը որ հաշվարկում ես՝ ջրի փող, հողի փող, քիմիկատները, որ սրսկում ենք, չհաշված՝ տրակտոր, վառելիք, համարյա 100-ի 50 տոկոսն է մնում․․․»։

Նախկինում Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատի բնակիչ, իսկ արդեն 33 տարի Արաքս տեղափոխված Գառնիկ Աբրահամյանն էլ ասաց, որ գյուղում ոչ մի հետաքրքիր բան չկա․

«Գյուղում հողագործությամբ են զբաղվում, որոշ մարդիկ՝ նաև անասնապահությամբ, ես մեխանիզատոր եմ, հետն էլ հող եմ մշակում, մի քանի հատ էլ անասուն ենք պահում, մի կերպ յոլա էթում ենք, էլի։ Երեխեքս Ռուսաստանում են, այնտեղի քաղաքացի են, ոնց որ ասած՝ մարդ ու կնիկ՝ մի Վարդանիկ, մնացել ենք ստեղ, յոլա էթում ենք, էլի, փառք Աստծո․․․»։

Գյուղացին դժգոհեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարել են, ասաց՝ եթե հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, առաջնահերթ կասեր՝ Գյուղատնտեսության նախարարությունը նորից վերականգնեք․

«Ու այդ նախարարն ամբողջ օրը գյուղերը ֆռա, հողերով զբաղվի, մասնագետ էղնի, ոչ թե եզան գյուղից բերեն մի հատ շոֆերի, ասեն՝ էսի նախարարն ա, մասնագետ լինի նստողը, որ հարց տամ, կարանա իմ հարցին պատասխանի, ես հիմա իրենց նախարարներից լավ գիտեմ ամեն ինչը։ Գյուղացու կյանքը բարեկեցիկ չի եղել, չի էլ լինի, Նիկոլը չէ, Նիկոլի պապերը գան․․․ համենայնդեպս, հիմա չի լինի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս