«Դժվարին ժամանակներ ենք ապրում, և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր». Ամենայն Հայոց կաթողիկոս

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամեն տարի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս են հուշահամալիր՝ աղոթք բարձրացնելու մեր հայրենիքի և հայ ժողովրդի ապահով, խաղաղ, անվտանգ կյանքի համար:

«Մենք այսօր ևս մեր աղոթքը բարձրացրինք՝ խնդրելով, որ տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի և հայրենիքի վրա, որ պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից: Դժվարին ժամանակներ ենք ապրում, և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի, ոգեշնչվի, քաջալերվի Սարդապատի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով՝ «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը, մեր պետականությանը, թող տիրոջ աջը օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, այսօր և միշտ»:

Լրագրողները վեհափառին հարցրին, թե ի՞նչ կարծիք ունի այն իրադրության մասին, որն այսօր առկա է մեր սահմաններին, և արդյոք շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն Գարեգին Բ-ն չցանկացավ որևէ այլ բնույթի հարցի պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս