«Հիմա Նիկոլն ավելի շատ է թալանում, քան նախկինում էր», «Նախկիններ» բառն ինձ մոտ հպարտություն է առաջացնում»․ հարցում Աջափնյակում

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

168am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով, քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, ինչպես նաև,  եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։

Այս անգամ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։

Հարցվածների մեծ մասը վստահեցրեց, թե որոշել է մասնակցել ընտրություններին: Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ ասացին, որ միանշանակ քվեարկելու են «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ է դաշինքը կազմվել, որոշները նշեցին, որ իրենց ձայնը տալու են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, մարդիկ էլ եղան, որ դեռ չէին կողմնորոշվել, թե ում օգտին են քվեարկելու, բայց որ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու, դա միանշանակ է, վստահեցնում էին հարցման մասնակիցները։

«Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին ու Արման Սահակյանին, միանշանակ ձայնս իրեն եմ տալու»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ պատասխանեց․

«Կողմնորոշվել եմ, за Кочаряну, потому что он хорошый политик, он очень умный… по этому я за него»:

Հարցված քաղաքացիներից մեկն ասաց, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իր համար տեղին չէ, բայց եթե այսպես է ստացվել, կգնա ընտրության․

«Գաղտնիք չէ, քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ես չեմ էլ ամաչում, որ իրենց եմ ընտրում։ Ինչո՞ւ, որովհետև նրանք են պրոֆեսիոնալ, նրանք են կիրթ, ճանապարհ անցած, երկիր կառուցած․․․ Այդ «նախկին» բառն ինձ մոտ ոչ թե զզվանք, այլ հպարտություն է առաջացնում։ Նախկինները պետք է գան, ո՛չ հողատու են, ո՛չ չաշխատող են, ոչ չստեղծող են։ 30 տարում այն 3 նախագահներն իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ երկիր կառուցեցին, որ սա գա քանդի․․․ Այնքան էլ մանիպուլյացրել է ժողովրդին, որ իր հատվածը ապուշ-ապուշ, առանց հասկանալու, ինքնապահպանման բնազդը կորցրած՝ նույնիսկ չի հասկանում, որ թուրքը լցվել է մեր երկիր, կարող է այդքանից հետո գնա ու իրեն ընտրի։ Եթե թուրքի յաթաղանն ավելի են նախընտրում, քան թե նորմալ մարդկանց գալուստը, բան չունեմ ասելու։ Ժողովուրդն ինքը կընտրի իր բախտն ու ճակատագիրը, 1915 թիվը մի անգամ էլ կկրկնվի, սա է մեզ սպասում, փրկությո՛ւն կամ մա՛հ, ուրիշ ոչինչ»։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց, որ կասկածում է, թե   արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, բայց լինելու դեպքում անպայման կմասնակցի․

«Ինձ թվում է՝ ամեն ինչ անում են, որ ընտրություններ չլինի, որ Փաշինյանը երկարաձգի իր իշխանավայելումը։ Եթե ընտրություն լինի, անձամբ ես կմասնակցեմ, կընտրեմ «Սասնա ծռերին», որովհետև ես սասունցի եմ։ Գործող իշխանությանը՝ ո՛չ, որովհետև ես ամեն ինչ արել եմ, որ գործող իշխանությունը գա իշխանության, բայց հիմա ուղղակի ներվերս չի հերիքում, ավելի լավ է ոչ մի բան չասեմ ներկա իշխանության մասին։ Էս ի՞նչ վիճակում է մեր երկիրը․․․»։

Աջափնյակի բնակիչներից մեկն էլ ասաց, որ ճանաչում է  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանին, վստահաբար մասնակցելու է ընտրություններին․

«Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, որովհետև Արման Սահակյանից մեծ սպասելիքներ ունեմ»։

Եղավ նաև այսպիսի պատասխան․

«Ներկան ու նախկինը բացառում եմ, հավանաբար 5165»։

Բազմազավակ մի մայր էլ ասաց, որ ամեն տարի մասնակցել է ընտրություններին, բայց այս տարի չի մասնակցելու, ինչպես ինքն ասաց՝ հասկացել է, որ սաղ սուտ է․

«Մեկը մյուսից ոչ մի բանով չի տարբերվում, որ կարողանամ․ մենակ գոյությունս պահպանեմ, երեխեքիս մեծացնեմ, թե չէ ուրիշ ոչ մի բան էլ չկա»։

Տիկնոջից հետաքրքրվեցինք, թե 2018 թվականին ո՞ւմ է ընտրել․

«Նիկոլին։ Ամեն օր իրա հետևից գնացել եմ, հավատում էինք, ընկնում էինք հետևից։ Խաղ չկար, որ մասնակցած չլինեի, երեխեքիս առնում, գնում էի, բայց տեսեք՝ ինչ եղավ՝ աշխատանք չկա, տեղ չկա, ամենակարևորը, որ տուն ունենալը խնդիր է եղել, 4-5 երեխա ունեմ, ոչ մեկը տուն չունի․․․»

Հարցված տղամարդկանցից մեկն էլ պատասխանեց, որ իր համար առաջնայինն այս իշխանություններից ազատվելն է, ապա ասաց, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել․

«Նախընտրում եմ Արթուր Վանեցյանին՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, քանի որ շատ խելացի, երիտասարդ, տեսքը՝ տեղը, երկիրը ներկայացնող մարդ է լինելու, եթե, իհարկե, ինքն անցնի»։

«Սպասում եմ՝ Սասունցի Դավիթը գա, կամ Փոքր Մհերը դուռը բացի և գա, սպասում եմ այդ մեկին, բայց ում մեջ կանձնավորվի՝ չեմ կարող ասել»,- ասաց քաղաքացիներից մեկ ուրիշը։

Տարեց մի կին էլ ասաց, որ ընտրություններին մասնակցելու է և առաջնորդվելու է միայն ոչ Նիկոլին կարգախոսով․

«Այսքանից հետո ո՞նց կարելի է դիմանալ այդ մարդուն, այդքան զոհերը, այդքան ջահել 18-19 տարեկան երեխեքը կալյասկեքով, նայում ես՝ սիրտդ մղկտում է, մենակ իրա աթոռն է պահում, ամբողջ ոստիկանությունը կենտրոնացված է միայն իրա աթոռը պահելու համար, փոխանակ թողնի հեռանա։ Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվին իրան չեմ ընտրել։ Անգիր է արել, էնքան է ասել, ուղեղները լվացել ժողովրդի, նախկինները թալանչի են, հիմա չի՞ թալանում, հիմա ինքն ավելի շատ է թալանում՝ էդքան պարգևավճարները, էդքան պատերազմի օրերին եկած փողերը․․․ Էս մարդուց ի՞նչ լավ բան ենք տեսել, սուտասան, ասում է սենց, հետո լսում ես հակառակը․․․»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ 2018 թվականին ընտրել է Փաշինյանին, բայց հասկացել է, որ սխալվել է․

«Ոչ Փաշինյանին, և ոչ էլ նախկիններին․․․ 5000 հոգի կոտորեց, և ինչեր են կատարվում այսօրվա դրությամբ»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որդին ևս մեկնել էր առաջնագիծ, կինը «Էռատո» ջոկատով ևս այնտեղ էր, քաղաքացին զայրացած ասաց․

«Լավ էլի, վերջացրեք, դա պոռնոգրաֆիա էր։ Իսկ իր տղան, որ եղել է առաջնագծում, գիտե՞ք քանի հոգի է զոհվել, որ իրեն ազատեն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս