«Վեց ամիս ոչինչ չի արվում՝ ոչ խրամատ է փորվում, ոչ ամրացումներ, Գլխավոր շտաբի պետ ենք հանում ու նշանակում…». Արամ Օրբելյան

«Թեմայի վերաբերյալ իմ ինֆորմացիան խիստ կցկտուր է, բայց այն, ինչ տեսել եմ տելեգրամ ալիքներում, եթե ճիշտ եմ հասկանում, մեր զինծառայողները հայտնվել են հակառակորդի իշխանության ներքո: Եթե փորձեմ իրավաբանական ձևակերպումը տալ, դա կոչվում է գերի: Այդ 6 անձինք իրավունք ունեն առնվազն ստանալ գերու կարգավիճակ»,- անդրադառնալով այսօր ՀՀ ինքնիշխան տարածքից՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանցիների կողմից տարված զինծառայողների կարգավիճակին՝ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նրանց համարեց պատանդառված:

Ըստ Արամ Օրբելյանի՝ ընդհանուր առմամբ մոտեցումը հետևյալն է. երբ որ Ադրբեջանի զինված ուժերը գալիս-հասնում են Սև լիճ, չպետք է գործ հարուցվի սահմանը հատելու համար:

«Ակնհայտորեն այդտեղ կարող էր քննարկվել ագրեսիվ պատերազմի եզրույթը: Սահմանը կարող էր հատել պայմանական մեր հարևան շենքից ինչ-որ մեկը, ով գնում, սահման է հատում: Այս դեպքում էլ սկզբունքը նույնն է: Մեր զինծառայողները հայտնվել են հակառակորդի իշխանության ներքո: Ժնևյան կոնվենցիաներն ուղղակիորեն նախատեսում են, որ եթե հակառակորդ պետություններից մեկի զինված ուժերը հայտնվում են մյուսի զինված ուժերի իշխանության ներքո, նրանք ստանում են ռազմագերու կարգավիճակ՝ դրանից բխող բազմաթիվ իրավունքներով»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Նրա խոսքով՝ հենց Զինված ուժերի գերեվարման դեպքում են նրանք համարվում ռազմագերիներ, քաղաքացիական անձանց պարագայում այլ, կրկին բարդ իրավահարաբերություններ են:

«Ամբողջ կենտրոնական խնդիրը հետևյալն է. ցանկացած պրոցեսի առաջին կետում մենք պետք է պատասխանենք հարցի՝ ուզո՞ւմ ենք արդյոք ինչ-որ բան անել: Մենք չենք ուզում ինչ-որ բան անել: Մենք անկյալների, չհետաքրքրվածների հավաքածու ենք: Փորձեք երեկոյան իջնել Երևանի կենտրոն ու ասեք՝ մենք պատերազմող երկի՞ր ենք, թե՞ չէ: Մարդիկ ռեստորաններից դուրս չեն գալիս: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկոյան ռեստորանում լրագրողին ասում է՝ ռազմագերիներով դուք անհանգստացեք: Այս պահին պետության մոտեցումը հետևյալն է՝ ես ոչինչ չանեմ, որովհետև մեկ էլ տեսար՝ պատերազմը սկսվեց, իսկ երբ պատերազմ սկսվի, չգիտես՝ ինչեր կլինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ դիսկուրսը սա է, և ուրիշ ոչ մի քննարկում չկա, չկա քննարկում, որ մի բան ուզում ենք անենք, բայց չգիտենք՝ ինչ անենք:

Ըստ նրա՝ միջազգային, միջպետական հարաբերություններն իրենց բնույթով հորիզոնական հարաբերություններ են:

«Այսինքն՝ պատկերացրեք՝ բակ է, ու բակում չկա ոստիկան: Կա ուժեղ տղա, թույլ տղա, աղջիկներ, ծերեր, շատ կամ քիչ հարգված մարդիկ: Երբ կա պետություն, ու ինձ մեկը խփում է, ես դիմում եմ ոստիկանին: Այստեղ ոստիկան չկա: Մոտավորապես հետևյալ իրավիճակն է. երեք հարևաններով որոշում են՝ որիս խփեն, երդվում ենք, որ միասին ենք կռվելու: Հետո մեկին խփում են, գալիս էն երկուսին ասում է՝ գնացինք կռվելու: Նրանք էլ ասում են՝ խնդիր չկա, գնանք, բայց նախ քեզ են խփել, դու գնա: Էդ ուզում ես՝ մենք կռվենք, դու նայե՞ս»,- կենցաղային մակարդակում առավել մատչելի իրավիճակը ներկայացրեց Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցներ դիմելու մեր հարցին:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ մենք պետք է դիմեինք 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելու օրը:

«Քանի որ այս մասով էլ ինֆորմացիան մութ է, մինչև իշխանություն չփոխվի, ինֆորմացիան չբացահայտվի, դժվար է որևէ բան գնահատել:

Արամ Օրբելյանի ենթադրությամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տավուշյան տարածքները հանձնելու հարցը եղել է ներառված, հետո հանել են, որովհետև Նիկոլ Փաշինյանը խնդրել է դա տեքստից հանել՝ խոստանալով, միևնույն է, տալ այդ տարածքները, բայց չգրել, որ ավելի մեծ բողոք չգեներացվի:

«Հիմա ինչ-որ խաղ է խաղում, չի ուզում տալ, սրանք էլ ասում են՝ եղբայր, ի՞նչ է նշանակում՝ չեմ ուզում տալ: Տեսեք՝ 6 ամիս ոչինչ չի արվում՝ ոչ խրամատ է փորվում, ոչ ամրացումներ, ինժեներական աշխատանքներ են տարվում: Գլխավոր շտաբի պետ ենք հանում ու նշանակում»,- նշեց Արամ Օրբելյանը:

Տեսանյութեր

Լրահոս