«ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, հանգեցնում նման զարգացումների». Լիլիթ Մակունցը՝ հայ զինվորների գերեվարման մասին
Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ելույթով անդրադարձավ Գեղարքունիքի մարզից հայ զինվորների գերեվարմանը, նշեց, որ չնայած պաշտոնական մեկնաբանությամբ զինվորները գերեվարվել են, սակայն դա չենք կարող անվանել գերեվարում:
«Դա առևանգում է, և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում: Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: Մեր հանրության շրջանում և բոլորիս մոտ կա ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվորեն արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների», – նշեց Մակունցը: