«Մասնակցում ենք, որ թույլ չտանք վերջում արյունահեղության բերեն». Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հայտարարություն կտարածեն, ապա կխոսեն մնացածի մասին:

«Մենք մասնակցելու ենք ոչ թե նրա համար, ոչ մենք չգիտեմ ինչ…. այլ՝ ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելով, եթե չենք ուզում սև ու սպիտակ կռվելով՝ գնաք ու երկիրը ընդհանրապես կործանեք, մենք դրա համար մտնում եք այդ պրոցեսի մեջ, որ մեջտեղի գիծը լինենք, թույլ չտանք, որ վերջում արյունահեղության բերեն, բայց ամեն ինչ գնում է դրան: Կապ չունի՝ ով է հաղթում, ով է պարտվում, բերելու են արյունահեղության, մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ դրան չհասնի»,- ասաց Բաբայանը:

Նա չբացառեց որևէ ուժի հետ հնարավոր համագործակցությունը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 3 նախկին նախագահների ուղղակի կամ անուղղակի ղեկավարած ուժերի շանսերը, Բաբայանն արձագանքեց.

«Հասարակությունն է որոշելու՝ իրենց հնարավորություն տալո՞ւ է, որ կառավարեն, թե՞ չէ: Այսօր ասել, որ այս մեկը չպետք է մասնակցի, էն մեկի հետ ես 100 % չեմ համագործակցելու…մենք անգամ չգիտենք, թե ի՞նչ ուժեր են մտնելու պառլամենտ, ովքե՞ր են լինելու դրանք, այլ հարց է, թե մենք ուզո՞ւմ ենք տեսնել էս մարդկանց, այլ հարց է, թե փաստացի ովքեր են մտել, դա ժողովուրդն է որոշելու: Ես զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, ոչ մեկն էլ չի հաղթելու, հաղթելու է ժողովուրդը, ում որ ձայնը տա»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ռազմաքաղաքական գործիչը, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանվի կամ կեղծիքներ լինեն, Սամվել Բաբայանն առանց հապաղելու պատասխանեց, որ ընտրակաշառք բաժանվում է և բաժանվելու է, ինչ վերաբերում է ընտրատեղամասերում հնարավոր ընտրակեղծիքներին, ապա, նրա կարծիքով՝ դա պետք է վերահսկեն վստահված անձինք:

«Ոչ ոք, բացի պետական մարմնից, չի կարող ընտրակաշառքի դեմն առնել, դա պետք է անի ներքին գործերը, անվտանգությունը, որոնք պետք է զբաղվեն ու կանգնեցնեն, հիմա կանե՞ն, թե՞ չէ…էսօրվա վրա ես այդ ինֆորմացիաներն ունեմ, որ տեղ-տեղ դրանով զբաղվում են, դեռ ոչ մասսայական»,- ասաց Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս