«Հարց ՀՀ իշխանությանը՝ ինչո՞ւ չկա սեփական տարածքը պաշտպանելու քաղաքական վճռականություն». Եվսեև
Հարցազրույց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի և ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ
– Մոտավորապես 10 օր է՝ ադրբեջանական զինուժը երկու մարզերից ներխուժել է ՀՀ տարածք, այս օրերի ընթացքում պարզ դարձավ, որ ՌԴ առաջարկով ՀՀ իշխանությունը պատրաստ է սկսել սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց: Պարզ է, որ սա նախկին պայմանվորվածությունների մաս էր: Նախ ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս սա հնարավոր դարձավ, ու որքանո՞վ է ներկայումս տեղին դեմարկացիա-դելիմիտացիայի մասին խոսակցությունը:
– Իրավիճակի բարդությունն այն է, որ բացակայում է սահմանների դեմարկացիան, այն բացակայում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև հետսովետական տարածքի գրեթե բոլոր երկրների դեպքում: Գիտեք, որ ՌԴ-ն ու Ուկրաինան չունեն սահմանազատում, ինչը լրջագույն խնդիրներ է ստեղծում սահմանի մի շարք գոտիներում: Գիտեք, որ վերջերս եղավ սուր ռազմական հակամարտություն Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև, երբ սկզբում թիրախավորել էին ղրղըզական սահմանապահ ծառայությանը, իսկ հետո վերջինս գրավեց տաջիկական սահմանապահ ծառայությունը, և դա շարունակվեց: Երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են և խնդիր ունեցան՝ դեմարկացիայի բացակայության պատճառով: Սյունիքում ևս կա դեմարկացիայի բացակայություն և ջրի խնդիր, ուստի այս իրավիճակում զինված հակամարտությունների բռնկումը հնարավոր է նույնիսկ ՀԱՊԿ անդամ երկրների միջև, իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, ՀԱՊԿ անդամ երկիր չէ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հաղթանակի էյֆորիա ապրել, կա նաև ռազմատենչ տրամադրվածություն, որը հրահրվում է ազգայնականների կողմից, այս ամենը նրանց մղում է սադրանքների Հայաստանի հետ սահմանների վրա:
Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ժամանակին ՀՀ ղեկավարությունը քայլեր չի նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Այստեղ ոչ այնքան սահմանապահներ պետք է լինեն, որքան ԶՈՒ ստորաբաժանումներ: Նշեմ, որ ՀՀ-ն ունի զինված ուժեր, որոնք կարող են «փակել» այդ սահմանը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ սահմանին, ինքս էլ եմ այդ մասին խոսել, խոսել եմ Սյունիքի համար առկա սպառնալիքներից:
Ինչո՞ւ զորքերով հուսալիորեն պաշտպանված չէր այդ սահմանը․ ես ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 1 տարի առաջ բավականին լարված բախումներ եղան հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ հատվածում, և այնտեղ Ադրբեջանին ետ մղեցին բավականին լավ ձևով: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են այս անգամ սահմանափակվել շրջափակելով, բացի դրանից, պետք է լիներ վերջնագիր, որից հետո՝ հարվածներ: Հայաստանը միշտ այսպես է վարվել, այդպես են վարվում բոլոր նորմալ երկրները գոնե մինչև վերջերս:
– Ստեղծված իրավիճակում շատ են ուղղվում հարցեր նաև ռուսական կողմին, որը ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է համարվում և նույնիսկ չի նշում, որ սա ՀՀ սահմանի խախտում է, ներխուժում ՀՀ տարածք, չնայած, որ այս օրերի ընթացքում ծավալվող բանակցություններին հենց տեղում ռուսական կողմն ակտիվ մասնակցություն է ունեցել:
– Ուզում եմ հստակեցնել, որ սա ՌԴ-ի խնդիրը չէ, սա ՀՀ-ի խնդիրն է, ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, բայց ՀՀ անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԶՈՒ-ն՝ ՌԴ-ի աջակցությամբ: Եթե դա լիներ ռուսական սահման, ապա պատասխանատուն կլիներ Ռուսաստանը: Այս տեսանկյունից հիմնական պատասխանատվությունը ՀՀ ղեկավարության վրա է, որը 6 ամիս չկարողացավ այդ տարածքը կահավորել՝ չապահովելով ոչ միայն սահմանապահներով, այլև ԶՈՒ-ի միջոցով չփակելով սահմանը: Ինչո՞ւ դա չի արվել, ինձ համար հասկանալի չէ: Այնտեղ պետք է լիներ զորք, սահմանապահներ, հրետանային ստորաբաժանումներ, ինչո՞ւ այդ ամենը չի արվել ժամանակին:
Հրետանային ստորաբաժանումները նման դեպքերում, օրինակ, նախազգուշական կրակ են բացում, այնտեղ պետք է նաև հետախուզական ուժեր տեղակայված լինեին, այսինքն՝ շատ-շատ են հարցերը հենց ՀՀ իշխանությանը առաջին հերթին: Ինչ վերաբերում է ՌԴ-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակելու է նման գործելակերպը, ինչպես նախորդ շրջանում ԼՂ-ի դեմ, այստեղ լուծման 2 ճանապարհ կա․ առաջինը՝ խաղաղապահների տեղակայում այդ հատվածում, դա օպտիմալ տարբերակ կլիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈՒ-ն հիմա թուլացած է: Երկրորդ տարբերակը՝ պայմանավորվածությունն է, բայց պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ հնարավոր են միայն մեկ դեպքում, երբ ապահովված է Ադրբեջանի հուսալի զսպումը՝ պետք է զորքեր լինեն սահմանին:
Այստեղ իրական որոշումներ են հարկավոր: Ադրբեջանին պետք է ուժային ձևով զսպել, պետք է հասկանալ, թե ով է թշնամիդ, թյուրքական երկրները ուժն են ընկալում, ոչ մի այլ բան, նրանք պայմանավորվածություն չեն ընկալում: Այսինքն՝ ՀՀ ԶՈՒ-ն սահմանի ողջ երկայնքով պետք է տեղակայված լինի, տարածքը պետք է ինժեներապես կահավորված լինի, ինչպես նախկինում Ղարաբաղը և ՀՀ սահմանները:
Պետք է զուգահեռաբար չդադարեն զորավարժությունները տարբեր խնդիրների ուղղությամբ, և հատկապես՝ սահմանի հատման դեպքում անհրաժեշտ քայլերը վարժեցնող զորավարժությունները: Այս բոլոր գործողություններն ամենաքիչն են, որոնք պետք է լինեն դեմարկացիայի մասին խոսակցությունից և քննարկում սկսելուց առաջ: Եթե դա տեղի չունենա, այլ լուծումներ են հարկավոր: ՀՀ իշխանությունն իր անգործությամբ հրահրում է ադրբեջանական կողմին մուտք գործել ՀՀ տարածք մտացածին պատճառով: Առանց ուժային զսպման հնարավոր չէ ապահովել սահմանի դեմարկացիան, առանց ուժի անընդհատ լինելու է նույն խոսակցությունը, որ սա կամ նա իրենց տարածքն է:
– Փաշինյանն ասում է, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել մեր տարածքում, ինչպե՞ս սա բացատրել:
– Ցանկացած փաստաթուղթ՝ առանց ուժային բաղադրիչի, գրոշի արժեք չունի: Նա առաջին հերթին ոչ թե փաստաթուղթ պետք է ստորագրի, այլ բանակը տեղակայի, որից հետո միայն ինչ-որ բան ստորագրի, քանի որ առանց զորքերի տեղակայման՝ փաստաթուղթը դատարկ թուղթ է, որը ոչինչ չի նշանակում:
– Ընդհանրապես ինչպե՞ս է ընդունված՝ ե՞րբ պետք է սահմանի դեմարկացիա տեղի ունենա: Դա խաղաղ գործընթացի մի մաս է, բայց այս դեպքում դա մեզ պարտադրվում է, և այս իշխանությունը դա ընդունում է, պատրաստ է գնալ այդ ճանապարհով:
– Դա խաղաղ գործընթաց է այն դեպքում, երբ երկրների միջև ամենաքիչը գործընկերային հարաբերություններ են: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները թշնամական են, ուստի ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: Այս դեպքում այն պետք է հիմնված լինի ուժի վրա: Ես չեմ հավատում այս երկրների միջև դեմարկացիային՝ առանց ուժային բաղադրիչի: Դա անհնար է, դրա մասին խոսակցությունները դեմագոգիա են:
– Շատ են քննադատությունները նաև, թե ինչո՞ւ է ՌԴ-ն առաջարկում, որպեսզի դեմարկացիան հիմա տեղի ունենա:
– ՌԴ-ն ճիշտ առաջարկ է անում, բայց այն ենթադրում է հայկական զորքերի տեղակայում, այն պետք է ուղեկցվի ուժով: Եթե լինեն զորքեր, սահմանապահ ծառայություններ, որոնք տեղում՝ զորքերի հետ զուգահեռ, կարձանագրեն սահմանի հատումը, հրետանի, ավիացիա, հակաօդային պաշտպանություն, կլինի ճիշտ դեմարկացիա և պայմանավորվածությունները կպահպանվեն: Բայց այստեղ չի կարող լինել հուսալի դեմարկացիա: Ադրբեջանի դեպքում, որը հավակնում է Երևանին, չի կարելի փաստաթղթեր ստորագրել առանց ուժի, պետք է անպայմանորեն ուժ և ուժային բաղադրիչ: Միայն այդ դեպքում Ադրբեջանը կգնա իրական բանակցությունների, ոչ թե իմիտացիայի: Ադրբեջանի՝ տարածքների պատառիկներ պոկելու նախկին քաղաքականությունը հիմա արդեն իրականացվում է ՀՀ տարածքի նկատմամբ: Դրան պետք է կտրուկ պատասխան տրվի: Սահմանի հատման ցանկացած փորձ պետք է հետևանք ունենա: Իսկ ի՞նչ է խոսում Փաշինյանը՝ կարծես նախընտրական խոստումներ լինեն: Ոչ թե խոստումներ, այլ անվտանգություն է հարկավոր:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե ՌԴ-ն պաշտոնապես սա չի անվանում ներխուժում ՀՀ տարածք այն դեպքում, երբ այդպես են անվանում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ, ԱՄՆ-ը այդ մասին ասում է, և ի՞նչ դրանից:
Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանություն և ի՞նչ դրանից: Ի՞նչ հետևանքներ են լինում: Ի՞նչ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցնե՞ր են հայտարարվել: Իսկ որ ամերիկացիները խոսում են, դրանից հայերին ո՛չ տաք է, ո՛չ սառը: ՌԴ-ն, ի տարբերություն ամերիկյան անիմաստ խոսակցությունների, տեղակայել է խաղաղապահ առաքելություն և փրկել հայերին, որոնք ԼՂ-ում էին ապրում: Ուստի այն, ինչ ասում են ՀՀ-ում, Իրանում, ոչինչ չի նշանակում, դրանք խոսակցություններ են, հարկավոր են կոնկրետ գործողություններ, որը դեմարկացիան է, ինչը պետք է ուժային ուղեկցությամբ լինի, ինչպես ասացի: Բայց ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ ՌԴ-ն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում:
ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ: Մեզ ևս բազմաթիվ հարցեր են անհանգստացնում՝ ինչո՞ւ պատերազմի ընթացքում պատերազմելու վճռականություն չեղավ, ճանաչելու ԼՂ անկախությունը, չկա վճռականություն այսօր՝ պաշտպանելու ՀՀ տարածքը, դրանք հարցեր են ոչ թե ՌԴ-ին, այլ ՀՀ ղեկավարությանը, ուստի նման հիմար իրավիճակ է, ստացվում է, որ կա նախընտրական դեմագոգիա և իշխանության կողմից իրական գործողություններ, որոնք նպաստում են Ադրբեջանի ագրեսիային:
– ՀՀ իշխանություններին քննադատում են ՀԱՊԿ-ին դիմելու համար, վերջիններս էլ նշում են, որ ՀԱՊԿ-ի պայմանագրերը ենթադրում են նման հարցերում խորհրդակցություններ: Ի՞նչ կարող են տալ այդ խորհրդակցությունները նման հարցում:
– Այս թեմայով ՀԱՊԿ դիրքորոշումը հայտնի է բոլորին, ինչո՞ւ է նա դիմում ՀԱՊԿ-ին՝ առանց ՌԴ-ի հետ խորհրդակցությունների: Դա նման է այն իրավիճակին, որը եղավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված աղմկահարույց միջադեպով, երբ նրան ետ կանչեցին արդեն քրգործ հարուցված, ապա սկսեցին պարզաբանել, և այլն: Ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ին դիմում, դրա իմաստը ո՞րն է: Գիտեք, չէ՞, ՀԱՊԿ-ում այս հարցով դիրքորոշումները, ինչի՞ համար է այս ամենը, նշանակում է, որ ՌԴ-ին դնում եք անհարմար դրության մեջ: ՌԴ-ին կարելի է դիմել ռազմական օգնության խնդրանքով, սակայն դա պետք է հիմնվի Հայաստանի ուժի և այդ ուժը կիրառելու պատրաստակամության վրա: