«Որպես հայ կին, չեմ ուզում թուրքի առաջ կռանալ, ընտրելու եմ «Պատիվ ունեմ» Դաշինքին․ հարցում Քանաքեռ Զեյթունում

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

168am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով, քաղաքացիներից հետաքրքրվում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, և եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։

Հարցվածների մեծ մասը որոշել է՝ մասնակցել ընտրություններին: Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ ասացին, որ քվեարկելու են «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ոմանք պատասխանեցին մեր հարցին, որ իրենց քվեն տալու են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին, կային նաև իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկելու մտադրություն ունեցողներ։

«Անպայման մասնակցելու եմ, խորհուրդ կտամ, որ բոլորը մասնակցեն, ամեն մարդ պետք է իր դիրքորոշումն արտահայտի։ Գիտեք, որ ընտրությունները փակ են, գաղտնի, բայց որ հարցնում եք ասեմ, ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, հույս ունեմ, որ որոշ փոփոխություններ կանեն, այս իրավիճակը պետք է փոխվի, իսկ ես հավատում եմ այդ ուժին․․․»,- ասաց 60-ամյա մի տղամարդ։

Մի կին էլ ասաց, որ չի ուզում բարձրաձայնել, թե որ ուժի օգտին է քվեարկելու, բայց ընդդիմությունից է լինելու․

«Գործող իշխանությունից ես միայն կասեմ՝ ինչքան շուտ ազատվենք, այնքան ճիշտ, որովհետև օր օրի շատ ավելի վատ բաներ են լինում մեր երկրում։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը․․․»։

Անցորդներից երիտասարդ մի տղամարդ էլ ասաց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին և քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․

«Հների վերադարձը ճի՛շտ է»։

Հարցին՝ գործող իշխանությունների օրոք դրական փոփոխություններ չե՞ն եղել իր կյանքում, երիտասարդ տղամարդը պատասխանեց․

«Գործող իշխանությունը չունի, չունի՛, զրոյական վիճակ է։ Թուրքի առաջ մենք բոլորս այ սենց ենք (խոնարհվում է.- Ն.Խ.)։ Ռուսաստանում ադրբեջանցին կարա մոտիկանա հային, ասի՝ «առմինին, դա՞, խառաշո՞ դելալի․․․ Պատիվ, թասիբ կորցրել ենք»։

Միջին տարիքի մի կին էլ սկզբում հրաժարվեց պատասխանել հարցին, բայց հետո ասաց՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից է․

«Ես, մեկ է, Նիկոլի կողմից եմ, ինչ ուզում ես՝ արա։ Միայն Նիկոլ»։

Հետաքրքրվեցինք, թե հատկապես Նիկոլ Փաշինյանի ո՞ր քայլի համար է նրան վստահում․

«Սիրում եմ, ես հավանում եմ էդ մարդուն, հավանում եմ ես էդ մարդուն»։

Երիտասարդ մի կին էլ այսկերպ արտահայտվեց․

«Ցանկացած քաղաքացի, որ կարդացած լիներ Նիկոլի գիրքը, պետք է, որ տեղյակ լիներ նրա նպատակների մասին, ուղղակի ինչ-որ խունտա, զանգված հավաքվեց հետևից։ Նիկոլը երբեք վստահություն չի ներշնչել՝ ո՛չ որպես խորհրդարանական, ո՛չ որպես արտախորհրդարանական ուժ․․․»։

Մի մեծահասակ մի կին մեր հարցին պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկելու, բայց չկարողացավ նշել մեկ դրական փոփոխություն, որ կատարվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին․

«Ի՞նչ դրական պետք է լինի, թալանչիների մեջ դրականը ո՞րն է։ Ի՞նչ կարա անի, որ կողքից թալանում են, չեն թողնում էդ մարդն աշխատի․․․»։

Տարեց մի կին էլ ասաց, որ չի մասնակցելու ընտրություններին՝ հաշվի առնելով պատերազմում մեր հազարավոր զոհերը, որոնցից մեկն էլ իր թոռն է։

Երիտասարդ մի տղամարդ էլ, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, հարցումների ընթացքում անընդհատ վերուվար էր անում այդ տարածքում, այսպես ասենք, կրնկակոխ հետևում էր մեզ ու մեր աշխատանքին, ասաց, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ասաց, որ նման որոշման հանգելը պայմանավորված է, իր բնորոշմամբ՝ նախկին բռնապետական ռեժիմի ճիրաններից ազատվելով։

Իսկ երկրի անվտանգային հարցերի, ՀՀ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ասաց․

«Ոչ մի կրակոց չկա, հետևաբար՝ անվտանգ են սահմանները»։

Երիտասարդ մի տղա էլ ասաց, որ ընտրելու է «Պատիվ ունեմ» դաշինքին․

«Այդ մարդկանց եմ տեսնում այս թափթփուկների, այս ուսապարկերի հետևից մաքրող անձնակազմի կողքին, այն պրոֆեսիոնալների թիմն է ձևավորվում, որը, իմ պատկերացմամբ՝ Հայաստանը ոտքի է հանելու այս կաշմառից»։

Մեծահասակ մի կին էլ նախ դժգոհեց Նիկոլ Փաշինյանից և նրա կառավարությունից, ապա ասաց․

«Ով տոմս առնի, որ դուրս գամ երկրից, նրան էլ ընտրելու եմ․․․»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց․

«Մասնակցելու եմ, Քոչարյանին եմ ընտրելու ու շատ սիրում եմ իրան, բայց նոր եմ սկսել սիրել, մինչև պատերազմը սիրում էի Փաշինյանին»։

Հարցվածներից մի կին էլ ներկայացավ որպես ազատամարտիկ, ասաց՝ քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին․

«Ես պայքարել եմ իմ երկրի, իմ ժողովրդի համար, ես պատիվ ունե՛մ և այդ պատվի համար դուրս եմ եկել կռվելու, այսօր էլ եմ գնալու պայքարելու։ Պայքարելու եմ նախ ներսի՛ թշնամու դեմ»։

Երիտասարդ մի կին էլ ասաց, որ անպայման մասնակցելու է, որպեսզի իր ձայնը չկորի․

«Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին: Ես ուզում եմ մեջքս ուղիղ ման գամ՝ որպես հայուհի, որպես հայ կին, ես չեմ ուզում թուրքի առաջ կռանալ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս