«Խոսքը գնում է բացառապես քաղաքական հետապնդման մասին». Էրիկ Ալեքսանյան

«Խոսքը գնում է բացառապես քաղաքական հետապնդման մասին: Սույն քրեական գործը հարուցվել է դեռևս 2020թ. ապրիլի 16-ին, և փաստացի ունենք մի իրավիճակ, երբ սույն գործով մեղադրանք առաջադրվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ պարոն Գևորգյանը ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- այսօր Հատուկ քննչական ծառայության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով վերջինիս նոր մեղադրանք առաջադրելու փաստին:

Պաշտպանական կողմը նշում է, որ ծանոթացել են մեղադրանքի բովանդակությանը, և այն որևէ աղերս չունի իրականության հետ, այն ուղղակի սկզբից մինչև վերջ իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ:

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ այս գործով, սկսած այն հարուցելու պահից, բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել, և այն, որ Արմեն Գևորգյանը դեռ որևէ դատավարական կարգավիճակ չուներ, ինչն օրենքի ուղղակի պահանջ է, բայց նրա ու իր բարեկամների հաշիվները դրվել են կալանքի տակ, դրա վառ ապացույցն է:

«Բոլոր դատարանները՝ թե Առաջին ատյանի, թե Վերաքննիչ, հաստատել են այդ որոշման ապօրինի լինելը: Եվ դրանից հետո, երբ այդ բոլոր դատական ակտերը մտել են ուժի մեջ, հենց ինքը՝ ՀՔԾ-ն, որոշում է կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ ՀՔԾ-ն շատ լավ հասկանում է, որ ապօրինություն է գործում, ու դրա համար Վճռաբեկ բողոք չի ներկայացրել:

Մեղադրանքը, որը ներկայացվելու է Արմեն Գևորգյանին, ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով է, այն է՝ փողերի լվացում, ինչն Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ ծայրեծայր խոսում է քաղաքական հետապնդման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս