«Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մինչև բուն նիստին անցնելը Հայաստանի քաղաքական վերնախավի մի շարք ներկայացուցիչների մեղադրեց  «Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ» լինելու մեջ:

«Ադրբեջանը օգտագործում է որոշակի գործողություններ, լծակներ և ՀՀ-ում ունի անսպասելի, կամ, հիմա արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ, բառիս բուն իմաստով՝ դաշնակիցներ: Ես Անվտանգության խորհրդի նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը, թերևս, երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը, և կրկին ուզում եմ ասել, որ, չեմ խուսափի այդ բառից, Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, տեղեկատվական պայքարի գոր-ծա-կալ-ներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի, և մեր օրենսդրության….ես չգիտեմ, գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ նախ 2020թ.-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել ՀՀ-ի վրա, հրապարակային, բաց, էդ մարդիկ հետագայում, վերջերս Ազգային ժողովներում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը»,- ասաց Փաշինյանը:

Ի դեպ, Փաշինյանը պատրաստ է և գիտի, որ դժվար գործ է իրեն սպասվում, համենայն դեպս կառավարության նիստի ընթացքում իր ելույթում հստակ շեշտադրումներով նշեց՝  հեշտ գործ չէ, այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը անհրաժեշտ է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

«Սա հեշտ գործ չէ, սա չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, հանրության հետ  բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Բայց ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են, իսկ այդ երկարաժամկետ ծրագիրն իրականացնելու համար, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա Հայաստանի տարածքից:

Տեսանյութեր

Լրահոս