«Իրերի հետ չեն բանակցում, իսկ մենք տվյալ պարագայում իր ենք, առարկա». Արմինե Ադիբեկյանը՝ ադրբեջանցիների հետ ձախողված բանակցությունների մասին

Այսօր ժամը 14:00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ-ի՝ Հայաստանի սահմանները լքելու մասին բանակցությունները: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ադրբեջանցիները չեն ներկայացել: 168.am-ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ սպասելի՞ էր նրանց չներկայանալը և ի՞նչ նպատակ են հետապնդում:

«Գան՝ ինչի՞ շուրջ բանակցեն: Իրենք այնտեղ դիրքավորվել են, ամրապնդվել են, արդեն հենակետերը ստեղծել են, գան՝ ինչի՞ մասին բանակցեն, նրանք չեն պատրաստվում այդ զավթած տարածքները լքել: Իրենք դեռ զավթելու տեղեր ունեն, բայց այս փոքր հատվածում իրենք իրենց խնդիրը լուծել են, ուզել են այդ տեղը զբաղեցնել և ունենալ հենակետ, իրենք հենակետ այնտեղ ստեղծել են, հայկական կողմն այդ հենակետերից իր զորքը հետ է քաշել, մենք Սև լճում չունենք էլ հենակետ»,- ասաց Ադիբեկյանը:

Ադրբեջանագետի կարծիքով՝ բանակցությունների վերաբերյալ թյուր պատկերացում կա:

«Բանակցություները մեզ հետ չեն, ռուսական կողմի հետ են, նրանք ռուսական կողմի հետ բանակցելու թեմա չունեն, ինչպես նաև մեզ հետ, որովհետև իրերի հետ չեն խոսում, իրերի հետ չեն բանակցում, իսկ մենք տվյալ պարագայում իր ենք, առարկա: Հետևաբար՝ ոչ թեմա կա խոսելու, ոչ անելիքներ կան անելու, իրենք իրենց գիծը բռնել են և շատ հաջող առաջ են տանում»,- ասաց Ադիբեկյանը:

Այսօր ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական հարցերի բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել, որով զգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի և սահմանային լարվածության պատճառով: Երկիրը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ կամ կարմիր մակարդակի:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի քանի մարզեր՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք: Նման հայտարարություններ հնչում էին նաև 44-օրյա պատերազմից առաջ:

Մեր հարցին, թե սա կարո՞ղ է պատերազմի վերսկսման ազդակ լինել, Ադիբեկյանն արձագանքեց.

«Ես չեմ բացառի, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ սադրի և հրահրի նոր թեժացում և նոր ռազմական գործողություններ՝ հույս ունենալով լեգիտիմացնել այս պատերազմի արդյունքներում իր նվաճումները»:

Ադրբեջանն իր այս քայլերով կարո՞ղ է հասնել նրան, որ հայկական կողմն ինքը դիմի խնդրի լուծման ռազմական տարբերակին:

«Մենք չենք գնա ռազմական գործողությունների, ո՞վ պետք է գնա ռազմական գործողությունների, Վաղարշակ Հարությունյա՞նը, նա երբևիցե ինչ-որ պատերազմի մասնակցե՞լ է, գիտի՞, թե ինչ է նշանակում՝ պատերազմ անել։ Նա իր կաբինետից մենակ գնացել է տուն և Աշտարակի ձոր խորոված ուտելու, վսյո, դա է նրա ռազմական կարիերան»,- ասաց Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս