ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Մեղրիում հյուպատոսարան բացելու մասին
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի խայտառակ եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանի ապաշրջափակումը ՀՀ Սյունիքի մարզը դարձրել է աշխարհաքաղաքական պայքարի հերթական օջախ ու թյուրքական հավակնությունների օբյեկտ:
Պատահական չէ, որ մեծ է Սյունիքի նկատմամբ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը հենց պատերազմից հետո, քանի որ մարզում կարող է իրավիճակ փոխվել՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պատճառ դառնալով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերից սկսած գրեթե ամեն առիթով խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, որը, ըստ նրա՝ պետք է անցնի Սյունիքով, և սա թյուրքական ջանքերի շնորհիվ դարձել է հետպատերազմյան եռակողմ բանակցությունների հիմնական թեման և ապաշրջափակման ենթակա գլխավոր պրոյեկտը, չնայած հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հերքել է միջանցք ստեղծելու մասին պայմանավորվածությունը: Թեև այս իշխանությունների դեպքում հերքումը շատ պայմանական հասկացություն է՝ այսօր կարող են հերքել, վաղը՝ իրականացնել այն, ինչ հերքել են:
Այնուամենայնիվ աշխարհաքաղաքական այս աշխուժության ֆոնին Սյունիք էին այցելում Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Այս բոլոր այցերը տեղի ունեցան գրեթե նույն օրը՝ ապրիլի 22-ին, և մի շարք տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սյունիքում հանդիպումներ են տեղի ունեցել դեսպանի և Նիկոլ Փաշինյանի միջև ոչ պաշտոնական մթնոլորտում:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սյունիքում այդ այցերի շրջանակում քննարկումներ են եղել, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ԱՄՆ հյուպատոսական ծառայություն կամ դիվանագիտական ներկայացուցչություն, կենտրոն բացել Մեղրի-Ագարակ հատվածում:
Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես նման ծառայության ստեղծումը Սյունիքում կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Սյունիքում: Բնականաբար, այս տեղեկությունը բավականին ցավոտ է ընդունել ռուսական կողմը:
Այնուամենայնիվ վերջին օրերին՝ սկսած մայիսի 12-ից, տեսնում ենք աննախադեպ զարգացումներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանահատվածներում, երբ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կիլոմետրով անարգել խորացել են ՀՀ տարածք՝ նոր դիրքեր ձեռք բերելով և նույնիսկ բանակցությունների արդյունքում չվերադառնալով իրենց ելման դիրքեր: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը նույնիսկ չի ներկայացել այսօր նախատեսված բանակցություններին, չնայած հայկական կողմը զգուշացրել է, որ ստեղծված իրավիճակը կարող է լուծել նաև ուժով:
Եվ ըստ մի շարք վերլուծաբանների, բացի տեղում լոկալ իրավիճակից, կան աշխարհաքաղաքական բարդ գործընթացներ՝ պայքար Սյունիքի համար, և հյուպատոսության կամ ամերիկյան ինչ-որ ներկայացուցչության, կենտրոնի ձևավորումը դրա շրջանակում տեղավորվող մի քայլ կարող է լինել:
168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն հարցեր էր ուղղել հետևյալ ձևակերպմամբ.
«1. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 22-ին այցով Սյունիքի մարզում էր: Միևնույն ժամանակ Սյունիքում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ հյուպատոսություն բացել Մեղրի-Ագարակ հատվածում: Կա՞ արդյոք նման պայմանավորվածություն:
2. Կա՞ արդյոք մտադրություն ԱՄՆ հյուպատոսական ծառայություն կամ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություն ձևավորել Մեղրիում»:
Մեր տվյալ հարցերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են շատ կարճ. «Միացյալ Նահանգները Հայաստանում հյուպատոսություն բացելու ծրագրեր չունի»: Մեր հարցում պատահականորեն չէինք առանձնացրել «դիվանագիտական ներկայացուցչություն» ձևակերպումը և ուշադրություն ենք հրավիրում պատասխանում դիվանագիտական հստակեցման վրա, որ ԱՄՆ-ը հյուպատոսություն բացելու ծրագրեր չունի:
Հաշվի առնելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան բազմաբնույթ գործունեությունը, ԱՄՆ-ը կարող է բացել ոչ թե հյուպատոսական ծառայություն, այլ կենտրոն կամ դիվանագիտական ներկայացուցչություն, այսինքն՝ աշխարհաքաղաքական նպատակին միտված գործունեության ծավալումը Սյունիքում կարող է փաթեթավորել այլ անվան ներքո, և պարտադիր չէ, որ դա լինի հյուպատոսարանը: