Սա վերջին արտահերթը չէ․ իշխանության վերարտադրության դեպքում պետության և բանակի կազմալուծումն ու դրան համաչափ՝ հակառակորդի ոտնձգությունները շարունակվելու են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է․ «Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր պետության վիճակը ծայրահեղ ծանր է: Նույնիսկ ինչ-որ իմաստով ավելի ծանր է, քան 90-ականների սկզբին: Այո, մարդիկ դիզվառելիքի հերթ չեն կանգնում, այգիներում ծառեր չեն կտրում՝ տաքանալու համար, երեկոները մոմի լույսի տակ չեն նստում: Բայց այն ժամանակ քիչ թե շատ պարզ էր, թե ինչու ենք մենք մեզ վրա վերցրել այդ բեռը և որ ուղղությամբ պետք է շարժվենք:
Այսօր պետական ինստիտուտներն ավելի վատ վիճակում են, ավելի անարդյունավետ են աշխատում, քան «ցրտի-մթի» ժամանակ. ներկայիս քաղաքական իշխանությունը պարզապես չի կարողանում դրանք (այդ թվում բանակը) ղեկավարել, և հենց դրա համար է շեշտը դնում ագրեսիվ քարոզչական հռետորաբանության վրա: Իսկ հասարակության մեջ գերիշխում է հուսահատությունն ու ապատիան՝ չնայած որոշների մոտ պահպանվել է հեղափոխական հրճվանքը և առաջնորդի հանդեպ բուռն երկրպագությունը:
Այդ ամենը տեսնելով՝ շատերն ասում են՝ էլ ի՞նչ ընտրություններ, երկիրն այս վիճակում է: Բայց ո՞րն է ընտրությունների այլընտրանքը: Անցած կես տարին ապացուցեց, որ արմատական ընդդիմադիրները, որոնք փողոցում ակցիաներ էին անում, չէին կարողանում հավաքել այնպիսի մի զանգված, որը կստիպեր Փաշինյանին հրաժարական տալ: Եվ պատճառն էլ պարզ է. ոչ բոլոր մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ աղետի են հասցրել ներկայիս իշխանությունները, պատրաստ էին կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: Այսպիսով, եթե չլինեին արտահերթ ընտրություններ, ապա դրանք կկայանային 2023 թվականի դեկտեմբերին: Բայց մի զարմացեք՝ ես կարծում եմ, որ անգամ այս արտահերթ ընտրությունները կայանալու դեպքում, 2023-ին կամ նույնիսկ ավելի շուտ կրկին ընտրությունների առաջ ենք կանգնելու:
Սցենարը, իմ կարծիքով, մոտավորապես հետևյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40:
Վարչական ռեսուրսը գումարած՝ կմոտենա բաղձալի 50-ին: Եթե հանկարծ ինչ-որ տոկոսներ պակասեն, ապա ԲՀԿ-ն, որը ցածր տոկոսով կանցնի խորհրդարան, լիովին բավարար է՝ իշխանական կոալիցիա ստեղծելու համար: Այդպիսով, կարող եմ կանխատեսել, որ այս անգամ Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի: Դրան նպաստելու է նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը, ուզեն թե չուզեն, քարոզելու են իրար դեմ, դրանց դեմ են աշխատելու նաև ընտրություններին մասնակցող (և, բնականաբար, ընտրվելու ոչ մի շանս չունեցող) մանր փաշինյանական կուսակցությունները: Բայց այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու:
Իշխանության վերարտադրության դեպքում պետության և բանակի կազմալուծումը ու դրան համաչափ՝ հակառակորդի ոտնձգությունները շարունակվելու են: Այդ պայմաններում շատ քիչ է հավանականությունը, որ Փաշինյանն իշխելու է ևս 5 տարի: Անկայունությունը պահպանվելու է, հասարակական լարվածությունը չի թուլանալու, իշխանության լեգիտիմությունը կլինի զուտ ձևական: Այնպես որ կլինեն նոր արտահերթ ընտրություններ»։