«Այս իշխանությունը Հայաստանը հանձնելու, կործանելու երկրորդ փուլն է սկսել». Ռոբերտ Հարությունյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո գործող իշխանությունների  գործողությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը փաստում են, որ ստեղծված իրավւճակից խուսափելու համար որևէ քայլ չեն կատարել:

«Այս իշխանություններն այնքան ապիկար են, որ նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո որևիցե գործողություն, որը հնարավորինս կերաշխավորեր խուսափել նման իրավիճակից, որ ունենք այսօր մեր սահմաններին, չի արվել: Այս իշխանության գործելաոճը մշտապես եղել է ընդհանրապես իր վրայից պատասխանատվությունը   տեղափոխելն այլոց վրա, անհիմն տեղափոխել՝ անպատասխանատու հայտարարություններ անելով: Այս իշխանության գործելաոճն է նաև՝ փորձել մոլորեցնել մեր հանրությանը, ցույց տալ մի բան, խոսել մի բանի մասին, որն իրականում չկա, իրականությանը չի համապատասխանում: Խոսում են բանակցությունների մասին, բայց տեսնում ենք, ականատես ենք լինում, որ իրենք նույնիսկ չեն կարողանում բանակցել, և մեր փոխարեն բանակցում է Մուրադովը: Խոսում են Ադրբեջանի հետ հարաբերություններում վստահ ու վճռական լինելու մասին, բայց դիմել ենք ՀԱՊԿ-ին, և փորձում ենք ՀԱՊԿ-ի միջոցով լուծել խնդիրը»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է այն ծրագրերը, որն ունի և որոնց մասին խոսում է բացահայտ, մասնավորապես՝ Մեղրիի միջանցքի մասին:

«Ցավոք սրտի, այս իշխանությունը, արդեն 6 ամիս է, որևիցե բան չի անում, որ մենք հնարավորինս խուսափենք նման իրավիճակներից: Ես կարծում եմ՝ երկու պատճառ կարող է լինել, թե ինչո՞ւ չի արվում՝ կա՛մ չգիտեն՝ ինչպե՞ս, ինչը վերջին 3 տարում ցույց են տվել, որ որևէ ոլորտում չգիտեն ինչպես դա անել, կա՛մ հատուկ չեն անում, որովհետև ուզում են, որ նման իրավիճակ առաջանա: Կարող ենք փաստել, որ այս իշխանությունը Հայաստանը հանձնելու, կործանելու երկրորդ փուլն է սկսել, թշնամին անարգել մտնում է մեր տարածքները, և հույսը մնացել է մեր ժողովրդի վրա, որն ինքնուրույն պետք է պայքարի, բայց զինված չէ: Կա Ադրբեջանի ներխուժումը մեր տարածք, բայց մենք նույնիսկ պատրաստ չենք պետական մակարդակով դիմագրավելու: Մենք պայմանավորվում, խոսում, խնդրում ենք սրան-նրան, որ գան մեզ տեր կանգնեն, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության կորուստ»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և մի շարք այլ հայտնի դեմքեր, որոնք քաղաքական լուրջ անցյալ ունեն, ներգրավված չեն «Հայրենիք» և ՀՀԿ կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակներում, և նրանց փոխարինել են երիտասարդ դեմքեր, Հարությունյանն արձագանքեց, որ պետք չէ թերագնահատել իրենց դաշինքի երիտասարդներին, իսկ պրոֆեսիոնալներն անմասն չեն մնա երկրի կառավարման գործից:

«Ե՛վ Արմեն Աշոտյանը, և՛ Էդուարդ Շարմազանովը, որոնց հետ ես անձամբ աշխատել եմ, պետք է ասեմ, որ բավականին լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ են, բանիմաց, երկրի կառավարումից հասկացող, կարծում եմ, որ պրոֆեսիոնալ անհատներն անմասն չեն մնա հետագա ռազմավարությունների մշակումներից, որոնք դաշինքը կունենա, կամ ՀՀԿ-ն առանձին կունենա, կարծում եմ, որ իրենք իրենց հնարավորությունները, փորձը կդրսևորեն նաև այլ տեղերում, կամ այլ տարբերակներով»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս