«Իրենք են բզկտում Սյունիքը» Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլը» խմբակցության մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, մեջբերեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ օրենսդիրի ամբիոնից հնչեցրած միտքը, թե «մենք ինքներս ենք բզկտում Զանգեզուրը»:
«Ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, նախ Զանգեզուր չէ, Սյունիքի մարզ է, հետո ճիշտ է խոստովանում, իրենք բզկտում են Սյունիքի մարզը: Իրենք Սյունիքի մարզի ժողովրդի կողմից ընդունված համայնքի ղեկավարներին բերում են, ապօրինի զրկում են ազատությունից, ձերբակալում են, հետո ի պատիվ մեր արժանապատիվ դատավորների՝ այդ մարդիկ ազատ են արձակվում, իրենք են բզկտում Սյունիքը»,- ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները և՛ պնդում են, որ չպետք է նսեմացնել ռուսական գործոնի ազդեցությունը, և՛ իրենք են դա անում:
«Ես կատեգորիկ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինի օրոք ընտրություններ լինեն, դրան պետք է քշել մինչև ընտրությունները, հասկանո՞ւմ եք, թե սա ինչեր է անելու, դե կտեսնեք: Սա միտումնավոր, ծրագրված հայաստանակործան գործունեություն է իրականացնում: Սրան պետք է քշել, չեմ հասկանում, թե մեր ժողովուրդն ինչի՞ն է սպասում… այսինքն՝ պետք է գան հասնեն, մեր երեխեքի վիզը կտրեն, նո՞ր ասենք՝ «վայ, թուրքը եկել է մեր տուն», թուրքն արդեն մեր տանն է»,- ասաց Պետրոսյանը:
Անկախ պատգամավորն անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե՝ «մեր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը», ասաց.
«Հասկանո՞ւմ եք, թե էս վարչապետ կոչվածի ֆունկցիան ինչն է, որ ինքն ուղղակի դիսպետչերություն անի, պեչատի, այսօր 5 կմ եկան, հստակ արձանագրում ենք, 10 հոգի գերեվարեցին, հստակ արձանագրում ենք: Սև լիճն ու ջուրն էլ իրարից չի տարբերում, ասում է՝ «Սև ջրի մոտ», արա լավ, այ տղա Նիկոլ, ասենք, որ գրած տեքստը տալիս են, դու չես ամաչո՞ւմ, որ չես կարողանում կարդալ կարգին, էդ խելքին էլ վարչապետի աթոռին ես լղոզվել, լիճն ու ջուրը չի տարբերում»:
Պետրոսյանը նկատեց, որ երբ ընդդիմադիր ուժերն ասում են, թե իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ժողովուրդը դա ընկալում է՝ որպես աթոռակռիվ, մինչդեռ ընդդիմության խնդիրն այլ է:
«Նրա հեռացումը միջոցն է մեր գլխավոր նպատակին հասնելու՝ Հայաստանը և հայ ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար: Հայաստանն անդունդի մեջ է, հիմա մենք բոլորս, Նիկոլ Փաշինին օր առաջ հեռացնելով իշխանությունից, իր լծակներից՝ կփրկենք Հայաստանը»,- ասաց Պետրոսյանը:
Անկախ պատգամավորին զարմացրել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթը, որով, իբրև թե ցանկացել է արդարացնել իրենց անգործությունը:
«Սուտ էլ կա սուտ էլ, ստի սահման կա: Ասում է՝ բա որ մենք կրակեինք եկողների վրա, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ: Հլը սրանց հիմնավորումը, թե խի՞ են թողել, որ թուրքերն իրենց համար, «հա-հա, հի-հի» անելով՝ գան հասնեն մեր տարածք: Իրենց նույն կերպ ադրբեջանական սահման գնալը նույնն է թե՝ ես իմ թևերով թռնեմ: Իրենք սկի իրենց տներից են վախում օրը ցերեկով դուրս գան, ուր մնաց՝ գնան Ադրբեջանի սահմանը: Այսինքն՝ թող գան մտնեն ձեր տուն, դու էլ էշ-էշ կանգնի, ասա՝ դե հո չե՞մ ընդվզի, ձենս հելնի, շուխուռ լինի, գործ չունենք, եկել, եկել եք, բարով եք եկել, ես ձեր ջանին մեռնեմ, հլը սրանց տխմար փիլիսոփայությունը»,- ասաց Պետրոսյանի:
Նրա հարցումները ցույց են տվել, որ հիմա Հայաստանի դեղատներում ամենաշատը վաճառվում են սրտի և նյարդային համակարգի կարգավորման համար անհրաժեշտ դեղերը:
«Գլխավոր հիվանդը ամբողջ ազգին սարքել է սրտային ու հոգեկան հիվանդ»:
Պետրոսյանի պնդմամբ՝ ադրբեջանցի սահմանազանցները մինչև այժմ չեն ձերբակալվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը և՛ վախենում է, և՛ իրեն ձեռք չի տալիս ձերբակալել ադրբեջանցիների:
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են ադրբեջանցիները, այնպես էլ վերադառնան: Ի՞նչ է նշանակում՝ եկել են, հիմա էլ վերադառնան, ծնո՞ւնդ է, կնո՞ւնք է, նշանդրե՞ք է, ի՞նչ է, որ եկել են: Բայց ես այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում, նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև Ալիևն իրան հետո կչափալախի, կասի՝ արա էս ի՞նչ էիր խոսում»,- ասաց Պետրոսյանը: