Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը վերադարձել է աշխարհաքաղաքական օրակարգ, ունի գոյութենական նշանակություն. Արմեն Պետրոսյան

168.am-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը

– Պարոն Պետրոսյան, նախօրեին պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Այցի շրջանակում հեռանկարային է համարվել «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը: Հատկանշական է, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին խոսվել է երկար տարիներ, սակայն պատերազմից հետո թեման ավելի առարկայական սկսեցին շրջանառել Իրանը, որը սկսում է վերականգնել Միացյալ Նահանգների հետ Միջուկային համաձայնագիրը, գնալով պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանը, որը արևմտյան վեկտոր ունի, և տպավորություն է ստեղծվում, որ ի հակադրություն թյուրքական բևեռի, կա տարածաշրջանում նոր բևեռ, որն էլ իր հերթին՝ այս մյուս միջանցքն է փորձում կյանքի կոչել, և պրոցեսները բավականին արագ են զարգանում: Ընդհանրապես ի՞նչ աշխարհաքաղաքական գործընթացներ են Հայաստանի և այս միջանցքների շուրջ, ո՞րն է Սև ծով-Պարսից ծոց միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը և կարևորությունը Հայաստանի համար:

– Մի բան ակնհայտ է, որ վերջին մի քանի, հատկապես՝ հինգ տարիների ընթացքում, Թուրքիայի ագրեսիվ և հավակնոտ գործողությունները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան-Միջերկրածովյան տարածաշրջանում և, իհարկե, Հարավային Կովկասում, որի գագաթնակետը եղավ Արցախյան պատերազմը և պատերազմի արդյունքները՝ որպես թյուրք-ադրբեջանական տանդեմի հաջողություն, որակապես փոխել է ուժային հավասարակշռությունը բոլոր նշածս տարածաշրջաններում:

Ձեր նշած տրանսպորտային միջանցքը՝ Պարսից ծոց-Սև ծով, չնայած որ դեռևս 2015-2016 թվականներին էր առաջարկել Իրանը և անցյալ տարիների ընթացքում ընդամենը քննարկումների փուլում էր, Արցախյան պատերազմի հետևանքով կրկին օրակարգ մտավ, որովհետև օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում շահեր ունեցող մի շարք դերակատարների համար վերականգնելու նախկին դիրքերը, որոնք զիջել էին պատերազմի հետևանքով:

– Խոսքը ո՞ր դերակատարների մասին է, փորձեք հստակեցնել:

– Հիմա բացեմ փակագծերը: Խոսքն առաջին հերթին՝ Իրանի, Վրաստանի մասին է, որոնք որոշակի առումով ունեցել են տարանցիկ դերակատարում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ու պատերազմից հետո քննարկվող տարածաշրջանում բոլոր կապուղիների ապաշրջափակման գործընթացը միանշանակորեն ներառելու է նաև Վրաստանի և Իրանի շահերը: Բացի այդ, եթե հաշվի ենք առնում ընդհանուր տարածաշրջանային զարգացումները, մի բան ակնհայտ է, որ, եթե թյուրքական կողմին հաջողվի հասնել ցամաքային կապի ապահովման Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ապա հետագայում՝ Ադրբեջանի տարածքով դեպի միջինասիական թյուրքական մյուս երկրներ, ապա հնարավոր է, որ կանխատեսելի ապագայում այս տարածաշրջանում առաջանա նոր բևեռ՝ հանձին թյուրքական բևեռի, որն իր հերթն՝ մարտահրավերներ է նետելու աշխարհաքաղաքական որոշ դերակատարների ուղղությամբ, այդ թվում՝ ՌԴ-ի, Չինաստանի, Արաբական երկրների: Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ միանշանակորեն կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր դերակատարներին այսօր ձեռնտու է ամեն կերպ զսպել թյուրքական գործոնի ազդեցության աճը, և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագրի իրականացումը ՀՀ տարածքով օրակարգային խնդիր է, որովհետև թյուրքական գործոնին բուն տարածաշրջանում հավասարակշռող միակ կարևոր դերակատարը ՀՀ-ն է: Սրանով է պայմանավորված, որ բոլոր մտահոգ արտատարածաշրջանային դերակատարները փորձելու են աշխատել Հայաստանի դիրքերն ամրապնդելուն միտված տարաբնույթ ծրագրերի վրա: Ամեն դեպքում, ես այդ հնարավորությունները նկատում եմ:

– Այս ամենում էական նշանակություն ունի Իրան-ԱՄՆ Միջուկային գործարքի վերականգնումը և այն, թե երբ դա տեղի կունենա:

– Տեսեք՝ ինչ հետաքրքիր իրավիճակ է: ԱՄՆ-ի գործող վարչակազմը՝ Բայդենի գլխավորությամբ, ի տարբերություն նախորդի, շարունակում է Օբամայի նախկին տարածաշրջանային քաղաքականությունը: Այս համատեքստում Վաշինգտոնը հիմնվում է Մերձավոր Արևելքում տարբեր ուժային կենտրոնների միջև հավասարակշռման հասնելու քաղաքականության վրա, որը չափազանց կարևոր է՝ զսպելու առանձին դերակատարների հավակնոտ քաղաքականությունը, որի ականատեսը եղանք անցած 4 տարիների ընթացքում՝ խոսքը, օրինակ, հենց Թուրքիայի և Իսրայելի մասին է: Այս համատեքստում ակնհայտ է, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի Միջուկային համաձայնության շրջանակ, որպեսզի կարողանա նպաստել Իրանի՝ տարածաշրջանում որպես հավասարակշռող գործոնի, դերակատարմանը: Սա չափազանց կարևոր, սկզբունքային մոտեցում է ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ նույն իրանական օրինակն ԱՄՆ-ը փորձելու է իրականացնել այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ նախկինում եղած ուժային բալանս է փոխվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Վստահաբար կարող ենք կանխատեսել, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձելու են Հայաստանի դիրքերի բարելավմանը միտված տարաբնույթ ծրագրեր իրականացնել: Միանշանակ կանխատեսելի է, որ հստակ բացվելու են նոր հնարավորություններ ՀՀ-ի համար, որպեսզի ոչ ռազմական՝ առավելապես դիվանագիտական հարթությունում, հնարավոր լինի վերականգնել պատերազմի հետևանքով կորցրած դիրքերը:

– Այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքն ու Պարսից ծոց-Սև ծով միջանցքն ընդհանրապես կարո՞ղ են համատեղելի լինել, թե՞ սրանք մրցակցող աշխարհաքաղաքական պրոյեկտներ են:

– Ներկա պայմաններում այդ ծրագրերն առավելապես մրցակցող ծրագրեր են, և Պարսից ծոց-Սև ծով միջանցքն առաջ էր քաշվել 2014-2015 թթ., երբ դեռևս Արցախյան հիմնախնդիրը նախկին կարգավիճակում էր, և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման որևէ նախագիծ չէր քննարկվում, այսինքն՝ այն ժամանակ, երբ առաջ քաշվեց այս ծրագիրը, առաջին հերթին՝ Իրանի համար Սև ծով դուրս գալու սեփական ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակ էր հետապնդում, բայց նաև աշխարհաքաղաքական նպատակ՝ նվազեցնելու թյուրքական գործոնի ազդեցությունը՝ ի դեմս Ադրբեջան-Թուրքիա համագործակցության: Դա էր պատճառը, որ ի սկզբանե Իրանը դեպի Սև ծով դուրս գալու համար դիտարկել է և Ադրբեջանի տարածքը, և Հայաստանի, բայց ժամանակի ընթացքում ընտրվեց Հայաստանի տարածքը, և չնայած բազմաթիվ տեխնիկական խնդիրների՝ իրանական կողմն ընտրեց Հայաստանի ճանապարհը:

Իսկ ներկա պարագայում, եթե այնուամենայնիվ գնում են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ճանապարհով, նաև տրամադրվում է ինչ-որ ճանապարհ Նախիջևանի և Ադրբեջանի ցամաքային կապն ապահովելու համար, ապա չմոռանանք, որ լինելու է համարժեք ճանապարհ, որը կապելու է Հայաստանն Իրանին Նախիջևանի միջոցով, հետևաբար՝ այս Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծումը շատ ավելի հեշտ իրագործելի է դառնալու, որովհետև այս պարագայում ենթակառուցվածքները շատ ավելի բարվոք վիճակում են, և աշխարհագրությունը, ռելիեֆը թույլ կտան շատ ավելի կարճ ժամանակում այդ ծրագիրը կյանքի կոչել: Մի դրական իրողություն կա, որ եթե աշխատում է այս երկրորդ տարբերակը, իրանական կողմն այլևս անհրաժեշտություն չի տեսնում կապելու սեփական երկաթգիծն Ադրբեջանի երկաթգծի հետ: Գիտենք, որ կա Ռաշտ-Աստարա հատված Իրանի և Ադրբեջանի երկաթգծերի միջև, որը պետք է կառուցվի Ադրբեջանի ֆինանսավորմամբ: Այդ հատվածն իրանական կողմը միտումնավոր չի կառուցում՝ հաշվի առնելով վերոնշյալ աշխարհաքաղաքական իրողությունները, իսկ ադրբեջանական կողմը բավարար ֆինանսավորում չի տրամադրում: Հետևաբար՝ Հայաստանի տարածքով կլինի այս ամենը:

– Ըստ Ձեզ՝ դիմադրություն չի՞ լինելու Իրանի ազդեցության ընդլայնման դեմ:

– Միանշանակ լինելու է, որովհետև մենք քաջ պետք է գիտակցենք, որ մեր տարածաշրջանում ընթանում է բավականաչափ մեծ մրցակցություն և ռազմական, ռազմավարական, և տնտեսական, և քաղաքական, և ենթակառուցվածքների մասով: Բնական է, որ այդ դիմադրությունը լինելու է: Հենց այդ դիմադրության տրամաբանության մեջ է, որ շատ ավելի իրատեսական է դառնում մեր քննարկած կապուղիների՝ միջանցքի իրականացման ծրագիրը, որովհետև դա պարզապես աշխարհաքաղաքական գոյութենական նշանակություն ունեցող ծրագրեր են, որոնց համար բոլոր շահագրգիռ դերակատարները պետք է մաքսիմալ ներգրավվածություն և հետևողականություն ցուցաբերեն, որովհետև թյուրքական գործոնի ազդեցության նման աճը հղի է ոչ միայն անվտանգային պերմանենտ սպառնալիքով միաժամանակ մի քանի տարածաշրջանների համար, այլև ամբողջությամբ այս տարածաշրջանը կամ մի քանի հարակից տարածաշրջաններ ամբողջությամբ թյուրքական գործոնի ազդեցության գոտու վերածման սպառնալիքով, որը քաջ գիտակցում են միաժամանակ մի քանի ուժային կենտրոններ՝ Իրանը, արաբական երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Արևմուտքը: Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը հենց այս ժամանակահատվածում դրա մասին է վկայում, չմոռանանք, որ երեք անգամ ունենալու է հնարավորություն ճանաչելու: Սա հստակ ուղերձ էր, որ վերադառնում է այս տարածաշրջան ԱՄՆ-ը, զուգահեռաբար՝ Իրանի հետ բանակցությունները, ԵՄ-ի համար է կարևոր այս ամենը:

– Սյունիքում երեկ, այսօր տեղի ունեցողը կարելի՞ է այս դիմակայության շրջանակում տեղավորել, փորձում են հաստատվել, պոկել տարածքներ, անշրջելի դարձնել միջանցքի հարցը, և մյուս դերակատարների հնարավոր քայլերը:

– Ադրբեջանի և Թուրքիայի համար միանշանակորեն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չկարգավորվի: Երկու երկրներին էլ անհրաժեշտ է թույլ, անընդհատ ներքին խնդիրների մեջ ընկղմված ՀՀ, դրան զուգահեռ՝ նրանք փորձելու են իրականացնել տարաբնույթ ծրագրեր՝ պարտադրել ՀՀ-ին իրականացնելու այդ կապուղիների ապաշրջափակման գործընթացն իրենց տեսլականով, երկրորդը՝ ցանկացած պատեհ առիթ օգտագործելու ՀՀ-ի տարածքների հաշվին իրենց տարածքներն ընդլայնելու համար: Այդ ամենն այս տրամաբանության մեջ է: Այն, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սզբունքները, նշանակում է, որ նրանց պատասխանելու գործողություններ հնարավոր են մի քանի հարթությունում: Դա միանշանակ է և ոչ միայն՝ ռազմական, այլև՝ ՀՀ և ՀԱՊԿ-ի տիրույթում, ինչո՞ւ ոչ, ՄԱԿ-ի տիրույթում, այսինքն՝ սա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: ՀՀ-ի համար առկա է բավականաչափ լայն իրավական բազա այս խնդիրը նաև միջազգային իրավական տիրույթում բարձրացնելու համար:

– ՀՀ իշխանության գործոնը ևս էական է այս աշխարհաքաղաքական գործընթացներում:

– Շատ ավելի ընդհանրացված անդրադառնամ՝ համամիտ եմ, մենք ՀՀ-ում օր առաջ պետք է հաղթահարենք ներքին ճգնաժամը, որովհետև մեզ բազմաշերտ արտաքին մարտահրավերներ են սպասվում, և փորձենք մեր առջև կանգնած մարտրահրավերները հնարավորինս ի շահ Հայաստանի օգտագործել, իսկ դա կարող է բացառապես լայն ներհայաստանյան համախոհության արդյունքում տեղի ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս