Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցն ազատ է արձակվել. բացակայում է հիմնավոր կասկածը
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, առավոտյան ժամը 5:00-ին հրապարակեց Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ վճիռը: Միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արման Դավոյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը, ով ձերբակալվել է մայիսի 11-ին, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ դեպքն ընդունում է, բայց մեղադրանքը՝ ոչ. «Համաձայն չենք արարքի քրեաիրավական որակման հետ»,- ասաց պաշտպանը:
Ըստ էության պաշտպանի հետ համաձայնել է նաև դատարանը:
Պաշտպանը նշեց, որ տուժող Մանուել Մարգարյանն առհասարակ կոնֆլիկտային անձնավորություն է:
«Իր բնույթով այդ մարդն այնքան խնդրահարույց է, որ որտեղ էլ աշխատել է, չի կարողացել իր աշխատանքային հարաբերություններն իր գործընկերների հետ կառուցել այնպես, որ խնդիրներ չառաջանան և չհանգեցնեն համապատասխան իրավական գործընթացների: Այդ մասին են վկայում datalex.am իրավական տեղեկատվական համակարգում առկա տվյալները»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ այս գործով անցնում է նաև Կենտրոնի փոխթաղապետը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան՝ ժամը 18:00-ին: Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):
Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը հաղորդում էր տվել ծեծի ենթարկվելու մասին:
Նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են: Երկուսին էլ առաջադրվել է մեղադրանք:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն էր տարածել, որ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս: