Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ին էր տեղեկացրել այսօրվա մասին, իսկ որտե՞ղ է Մարիա Կարապետյանը
Ապրիլի 21-ին գրել էինք, որ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը, ըստ 168.am-ի աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն էր արել:
Մեղրիում, Ագարակում հայտնի միջադեպերից, Քաջարան մուտքի արգելքից ու առհասարակ ժողովրդի «ընդունելությունից» նեղսրտած՝ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանի շենքում մի քանի մտերիմ ու վստահելի անձանց ներկայությամբ ասել էր․ «Չեն ուզում Մեղրիի միջանցքն իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:
Նիկոլ Փաշինյանի «կանխատեսումը» կարծես իրականություն է դառնում:
Մոտ 2 ժամ առաջ լուր տարածվեց, թե Սյունիքում՝ Իշխանասարի մատույցներում, մարտեր են ընթանում, կան վիրավորներ, որոնց տարհանում են: Ու մինչ, ինչպես միշտ, Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը լուռ են, կամ անատամ, ոչինչ չասող հայտարարություն են տարածում, Գորիսի փոխքաղաքապետը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում:
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ, չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել էր Իրինա Յոլյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հոկբյանն էլ armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով՝ անգամ հենակետ ունենք շրջափակման մեջ ընկած:
Լուրեր կան, որ դիրքեր ենք զիջել նաև Տիգրանաշենի հատվածում, և երեկ այդ հատվածից հերթափոխի եկած զինվորականները կրկին տեղափոխվում են մարտական ծառայության վայր, այսինքն՝ լարված է նաև Վայոց Ձորի հատվածում:
Մինչ տեղերից ահազանգերն ահագնացող են ու տագնապալի, հերթական «ուսապարկը», ինչպես միշտ, խոսեց մեդիատեռորի մասին:
«#Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ՝ Սյունիքի մասին։
Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց՝ մարտեր ընթանան։
Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,- գրել էր նորաթուխ իմքայլական Վահագն Ալեքսանյանը:
Սակայն ավելի ճի՞շտ չի լինի արդյոք, եթե Վահագն Ալեքսանյանն իր թիմակից Մարիա Կարապետյանի հետ (ով Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է մեդիատեռորին միանալու մեջ) գնա Սյունիք, տեղում ծանոթանա իրավիճակին՝ դրանով վերջիններս կկատարեն նաև ԱԺ պատգամավորի իրենց սահմանադրական պարտականությունները:
Բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի վաղ էր տեղեկացրել՝ ինչ է պլանավորվում: